ՀԱՊԿ պարտականությունները չեն տարածվում Լեռնային Ղարաբաղի վրա ՝ ի տարբերություն Հայաստանի։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Փոխանցում է Ria.ru-ն։ Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ը կոնկրետ պարտավորություններ ունի Հայաստանի հանդեպ, որը ՀԱՊԿ անդամ է։
«Այդ պարտավորությունները վերաբերում են անվտանգության ապահովմանը։ Սա նշանակում է, որ երբ ՀԱՊԿ անդամ երկիրն ագրեսիայի է ենթարկվում, արտաքին հարձակման, ապա այդ դեպքում պայմանագրի անդամ պետություններն ունեն պարտավորություն պաշտպանել տվյալ պետությանը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչ պարտավորությունների մասին է խոսքը։
Խոսելով այն մասին, թե որ դեպքում ՌԴ-ն պատրաստ կլինի զինվորականներ ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի, Պեսկովն ասել է, որ դա կախված է հանգամանքներից․ «Այս դեպքում խոսքը վերաբերում է Հայաստանին, նախագահը դա հստակ բացատրեց և սահմանազատեց այդ երկու հարցերը։ ՀԱՊԿ պարտավորությունները չեն տարածվում Ղարաբաղի վրա»։
0Comments