Դեկտեմբերի 20
Տեր, տուր մեզ կատարյալ Սերը, որ հեռու վանենք ամեն մի երկյուղ:
Երբեք թույլ մի տվեք ձեզ վախենալ որևէ մեկից կամ որևէ բանից: Բնավ մի վախեցեք, թե Ես կարող եմ հուսախաբ անել ձեզ: Մի վախեցեք, թե ձեր հավատքը կարող է հուսախաբության մատնել ձեզ: Մի վախեցեք աղքատությունից ու առանձնությունից: Բնավ մի անհանգստացեք, թե ճանապարհը չգտնելով կարող եք մոլորվել: Մի վախեցեք ուրիշներից ու նրանց անհասկացողությունից:
Սակայն, Իմ որդիներ, վախի այս բացարձակ բացակայությունը արդյունքն է այն կատարյալ Սիրո, որ պետք է ունենաք Իմ ու Իմ Հոր հանդեպ: Զրուցեք Ինձ հետ ամեն բանի մասին: Ամեն պահ լսեք Ինձ: Զգացեք Իմ պայծառ մոտիկությունը և անմիջապես փարատեք վախը՝ Իմ մասին մտածելով:
Չարի ուժերը ուշի-ուշով հետևում են ձեզ, ինչպես պաշարող բանակն է հետևում պաշարված քաղաքին. երկու դեպքում էլ նպատակը նույնն է՝ թույլ տեղ գտնել և հարձակում գործելով՝ ներս մտնելու հնարավորություն ստանալ: Չարը այսպես անընդհատ հսկում ու շրջում է ձեր շուրջը՝ փորձելով վախի ազդեցությամբ անակնկալի բերել ձեզ: Վախի պատճառը կարող է շատ չնչին բան լինել, բայց այն հնարավորություն է տալիս չարին՝ հարձակվելու ու, թույլ տեղ գտնելով, ներս մտնելու: Անգամ փոքր-ինչ տեղի տալու դեպքում անմիջապես հետևում է վհատությունը, կասկածն Իմ մասին, հուսահատությունը և տկարության այլ արտահայտություններ: Աղոթեք, Իմ սիրելի որդիներ, որպեսզի ստանաք այդ Կատարյալ Սերը: Սերը, որ, իրոք, հեռացնում է ձեզնից ամեն մի վախ:
0Comments