Իրաքում երկօրյա ցույցերի ընթացքում առնվազն 63 մարդ է զոհվել

Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի քանի շրջաններում սկսվել էին հակակառավարական ցույցեր։ Խաղաղ բնույթ կրող հանրահավաքներն արագ վերածվել էին ոստիկանների եւ զինվորականների հետ դաժան բախումների

Բաղդադում եւ Իրաքի այլ բնակավայրերում անկարգությունների հետեւանքով անցյալ ուրբաթ օրվանից առնվազն 63 մարդ է զոհվել, մոտ 2,6 հազարը վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնել է մարդու իրավունքների կառավարական բարձրագույն հանձնաժողովը, հայտնում է Sky News Arabiya-ն։

Ավելի վաղ Agence France-Presse-ը տեղեկացրել էր շաբաթօրյա ցույցերի ժամանակ իրաքյան մայրաքաղաքում  եւ երկրի հարավում վեց զոհերի մասին։ Մասնավորապես, երեք ցուցարար մահացել էին Էն Նասիրիա քաղաքում տեղացի պաշտոնյայի տունը հրկիզելիս։

Մեկշաբաթյա դադարից հետո ցույցերը ուրբաթ օրը վերսկսվել են Բաղդադում եւ առավելապես շիաներով բնակեցված մի շարք այլ բնակավայրերում։ Ցուցարարները բողոքում են կյանքի պայմանների վատացման, գործազրկության եւ իշխանական մարմիններում կոռուպցիայի դեմ։

Հոկտեմբերի 1-ին Իրաքի մի քանի շրջաններում սկսվել էին հակակառավարական ցույցեր։ Խաղաղ բնույթ կրող հանրահավաքներն արագ վերածվել էին ոստիկանների եւ զինվորականների հետ դաժան բախումների։