Ռուս քաղաքագետ Դմիտրի Սիդորովը «Իզվեստիա»-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է Թրամփի ուղու (TRIPP) գործարկման նշանակությանը հայ-ադրբեջանական հարաբերությունների և Հարավային Կովկասում ուժերի հավասարակշռության տեսանկյունից։
Հեղինակի խոսքով՝ TRIPP-ը վերջին տարիներին Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ամենահավակնոտ նախաձեռնությունն է, որը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ երկարամյա վեճը տեղափոխում է տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի հարթություն՝ Վաշինգտոնի առաջատար դերակատարությամբ։
Սիդորովը նշում է, որ մոտ 42-43 կմ երկարությամբ երթուղին անցնելու է Հայաստանի Սյունիքի մարզով՝ հայ-իրանական սահմանի երկայնքով՝ Մեղրիի և Ագարակի հարևանությամբ։ Նախատեսվում է վերականգնել խորհրդային տարիներին կառուցված երկաթուղային և ավտոմոբիլային ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Թուրքիայի երկաթուղային ցանցի հետ կապելու համար։
Քաղաքագետի գնահատմամբ՝ նախագիծը կարող է նպաստել Հայաստանի տրանսպորտային շրջափակման հաղթահարմանը, օտարերկրյա ներդրումների ներգրավմանը և երկիրը տարածաշրջանային լոգիստիկ ու էներգետիկ կենտրոնի վերածելուն։ Միևնույն ժամանակ նա նշում է, որ հայաստանյան ընդդիմությունը TRIPP-ը համարում է վտանգավոր աշխարհաքաղաքական զիջում և «Զանգեզուրի միջանցքի» քողարկված տարբերակ՝ մտահոգություն հայտնելով Սյունիքում Հայաստանի վերահսկողության հնարավոր թուլացման վերաբերյալ։
Սիդորովի խոսքով՝ սկզբնական շրջանում նախագծին առավել կոշտ էր դեմ արտահայտվում Իրանը՝ այն դիտարկելով որպես իր հյուսիսային սահմանների մոտ ամերիկյան ներկայության հաստատման և երկրի աշխարհատնտեսական մեկուսացման վտանգ։ Սակայն Երևանի հետ բանակցություններից և համապատասխան երաշխիքներ ստանալուց հետո Թեհրանը մեղմացրել է իր հռետորաբանությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ շարունակելու է հետևել իր «կարմիր գծերի» պահպանմանը։
Անդրադառնալով Ռուսաստանի դիրքորոշմանը՝ հեղինակը նշում է, որ Մոսկվան պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրելու նախագծին մասնակցելու հնարավորությունները, սակայն դրա համար կան իրավական և գործնական խոչընդոտներ՝ կապված «Ռուսական երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն իրավունքների, Հայաստանում ռուս սահմանապահների ներկայության և ԵԱՏՄ մաքսային կանոնների հետ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ TRIPP-ի իրականացումը կարող է թուլացնել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում և ամրապնդել Վաշինգտոնի ու Անկարայի ազդեցությունը տարածաշրջանում։ Նա նաև նշում է, որ նախագիծը կարող է ուժեղացնել Միջին միջանցքը՝ Չինաստանից և Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա բեռնափոխադրումների համար նոր ուղի ստեղծելով՝ շրջանցելով Ռուսաստանը։
Միևնույն ժամանակ Սիդորովը կարծում է, որ գործնական մոտեցման դեպքում Ռուսաստանը ևս կարող է օգուտներ ստանալ նախագծից՝ մասնավորապես Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի, հեղուկ գազի և բիտումի երկաթուղային մատակարարումներ կազմակերպելու, ինչպես նաև ենթակառուցվածքների կառուցմանն ու կառավարմանը ռուսական ընկերություններին ներգրավելու միջոցով։
Հեղինակի համոզմամբ՝ TRIPP-ի գործարկումն ինքնին չի հանգեցնի հայ-ադրբեջանական հակամարտության վերջնական կարգավորմանը։ Նա դրա համար երկու հիմնական պատճառ է նշում։ Առաջինը երթուղու գործարկման սկզբունքների շուրջ կողմերի տարաձայնություններն են. Հայաստանը կարևորում է ինքնիշխանության սկզբունքը, մինչդեռ Ադրբեջանը երթուղին դիտարկում է որպես իր հիմնական տարածքը Նախիջևանի հետ անխոչընդոտ կապող ճանապարհ։
Երկրորդ պատճառը խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Բաքվի ներկայացրած լրացուցիչ պահանջներն են, մասնավորապես՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Սիդորովը նշում է, որ այդ հարցում Հայաստանի իշխանությունները բախվում են ներքաղաքական դժվարությունների, իսկ Ադրբեջանը, նրա գնահատմամբ, նույնիսկ ներկայիս պայմաններում կարող է բանակցել ուժի դիրքերից։
