Երկուշաբթի, 23 Նոյեմբերի

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի պատրաստակամությունը՝ քննարկելու Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին համանման անվտանգության երաշխիքներ տրամադրելու հնարավորությունը, կարևոր նշանակություն ունի երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։

Քուշները հրապարակում է արել X սոցիալական ցանցում՝ կիսվելով Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրառմամբ և անդրադառնալով հետպատերազմյան անվտանգության համակարգի ձևավորման շուրջ ընթացող քննարկումներին։

Քուշների խոսքով՝ Ռուսաստանի պատրաստակամությունը քննարկելու նման երաշխիքների հարցը կարևոր առաջընթաց է և կարող է վկայել, որ Մոսկվան լրջորեն է տրամադրված խաղաղության հասնելու հարցում։

Նա նշել է, որ զսպման մեխանիզմներով և ռազմական միջադեպերի կանխարգելման պայմանավորվածություններով ամրապնդված, վստահելի երաշխիքները կարող են էապես նվազեցնել նոր պատերազմի վտանգը։

Քուշները համաձայնել է Զելենսկու այն դիրքորոշմանը, որ անվտանգության երաշխիքները պետք է լինեն հստակ, վստահելի և պատշաճ կերպով ամրագրված փաստաթղթերում։

«Դա հենց այն աշխատանքն է, որով ես և Սթիվ Ուիթքոֆը զբաղվում ենք համատեղ», – նշել է նա՝ հավելելով, որ նման պարտավորությունները ԱՄՆ-ի կողմից ստանձնվող ամենակարևոր հանձնառություններից են և պահանջում են մանրակրկիտ քննարկում։

Քուշների խոսքով՝ ցանկացած առաջարկվող երաշխիք պետք է արժանանա Դոնալդ Թրամփի հավանությանը՝ սահմանադրական և Կոնգրեսի ընթացակարգերին համապատասխան։

«ԱՄՆ նախագահը նման քայլի կդիմի միայն այն դեպքում, եթե համոզված լինի, որ այն բխում է ԱՄՆ ազգային շահերից, իսկ անվտանգության ավելի լայն պայմանավորվածություններն այնքան արդյունավետ են, որ երաշխիքների գործարկման անհրաժեշտության հավանականությունը նվազագույն կլինի», – գրել է Քուշները։

Նա ընդգծել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները չեն կարող մշակվել հետպատերազմյան եվրոպական անվտանգության համակարգից առանձին։ Նրա խոսքով՝ երկու հարցերը պետք է դիտարկվեն միասին։

«Մենք ձգտում ենք ունենալ այնպիսի ապագա, որտեղ Ուկրաինան անվտանգ կլինի, Եվրոպան՝ ավելի ուժեղ, Ռուսաստանը վստահ կլինի, որ ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում, իսկ ՆԱՏՕ-ն և նրա գործընկերները համոզված կլինեն, որ Ռուսաստանը հարգում է հարևան երկրների ինքնիշխանությունն ու անվտանգությունը», – նշել է ԱՄՆ նախագահի բանագնացը։

Քուշների խոսքով՝ Ուկրաինայի անվտանգությունը պետք է ամրապնդվի նաև տնտեսական կայունությամբ։ Նրա գնահատմամբ՝ երկրին երկարաժամկետ բարգավաճման հստակ ծրագիր է անհրաժեշտ, որը կներառի բարեփոխումներ՝ ուղղված պետական ինստիտուտների, տնտեսության և ինքնուրույն զարգացման կարողությունների ամրապնդմանը։

Քուշները գրառումն ամփոփել է՝ նշելով, որ ԱՄՆ-ի նպատակը ինքնիշխան, անվտանգ, բարգավաճ և ազատ Ուկրաինայի, ավելի ուժեղ ու կայուն Եվրոպայի և այնպիսի պայմանավորվածությունների վրա հիմնված երկարատև խաղաղության ապահովումն է, որոնք նոր պատերազմի հավանականությունը զգալիորեն կնվազեցնեն։

Share.