Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում անցկացվել է ՀՊՄՀ առաջին կուրսերի ուսանողների երդման արարողությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ ապագա մանկավարժներին հորդորեց հավատարիմ մնալ չորս պատգամի. «սովորե՛լ, ուսումնասիրե՛լ, պահպանե՛լ, դասավանդե՛լ»

Արդեն քանի տարի է՝ ինձ բախտ է վիճակվում շնորհավորել ձեզ ավանդական դարձած այս տոնի առթիվ, ամեն տարի, որպես եկեղացականի և որպես համալսարանականի, ինձ ապշեցնում է Մանկավարժական համալսարանի կազմակերպվածությունը և այս հրաշալի առաջին կուրսեցիների ոգևորված հայացքները. այսպիսի ոգևորվածությունը փոխանցվում է նաև մեզ: Այս մասին այսօր Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողների երդման ավանդական դարձած միջոցառմանն ասաց ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը:

«Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, դուք ընդունվել եք լավագույն բուհերից մեկը, եթե ոչ ամենից լավագույնը, և վստահ եմ, որ ապագայում դուք դառնալու եք հրաշալի մանկավարժներ, երբ ավարտեք բուհը և լծվեք մանկավարժի վեհ գործին»,-ասաց նա:

Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանն ուսանողներին փոխանցեց նաև Վեհափառ Հայրապետի շնորհավորական ուղերձը՝ նշելով, որ վերջինս Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այս տարին հռչակել է ավանդական ընտանիքի տարի:

«Դա շատ խորհրդանշական է, եթե հաշվի առնենք Ստամբուլյան կոնվեցիայի դրույթները: Իբրև երիտասարդներ, ապագա ծնողներ և մանկավարժներ՝ դուք ճիշտ կողմնորոշում պիտի ունենաք ընտանիքի կազմավորման հարցում և ձեր ավանդապահ և հարուստ գիտելիքները փոխանցեք ձեր զավակներին և սաներին: Ձեզանից է կախված, թե ինչպիսին եք ուզում տեսնել ձեր ապագա ընտանիքները՝ հայկական, ավանդական և ամուր: Եթե ընտանիքն ամուր է, ամուր է նաև բանակը, եթե բանակն ամուր է, ամուր է նաև սահմանը, և մեր զավակները խաղաղ երկնքի տակ կապրեն»,-ամփոփեց նա:

Առաջին կուրսեցիներին շնորհավորեց նաև Լեզվի պետական կոմիտեի նախագահ, ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Գյուրջինյանը` նշելով, որ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանն իրենց կրթություն կտա, կսովորեցնի` ինչպես սովորել:

«Բայց դուք պիտի դա անեք՝ ձեր ներսը նայելով, ինքնակատարելագործվելով և Աբովյանի նման մշտապես նորը փնտրելով, հետո մտնեք դպրոց և ավանդեք»,- ասաց Գյուրջինյանը:

Առաջին կուրսեցիներին հաջողություններ և կանաչ ճանապարհ մաղթեց ՀՊՄՀ ամբիոնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արա Գևորգյանը: «Եղեք ավելի ուշադիր և զգոն ձեր ապագայի հանդեպ, որ կարողանաք սովորեցնել մյուսներին»,-ասաց նա:

Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանն էլ ապագա մանկավարժներին հորդորեց հավատարիմ մնալ չորս պատգամի. «Մայրենի լեզուն սովորե՛ք և պահպանե՛ք, ինչ առարկա էլ դասավանդելու լինեք, ուսումնասիրե՛ք և պահպանե՛ք հայ ժողովրդի պատմությունը, հպարտացե՛ք նրանով, հավատարի՛մ եղեք քրիստոնեական ավանդույթներին, հայ եկեղեցին մեզ պահող կարևորագույն հաստատությունն է, պատմության բոլոր դեգերումների ընթացքում մեզ ուժ է տվել հայկական ընտանիքը, սիրե՛ք և հարգե՛ք ձեր ընտանիքները և ծնողներին, որ ձեր զավակներն էլ ձեզ սիրեն»,-ասաց նա: