Ալկոհոլի չափավոր գործածումը դեմենցիա չի առաջացնում. հետազոտություն

Իսկ նրանց շրջանում, ովքեր խմել են ալկոհոլի 14 չափաբաժնից ավելի, ծերունական տկարամտության զարգացման հավանականությունը 3,5 անգամ մեծացել է՝ նրանց համեմատությամբ, ովքեր խմել են մեկ չափաբաժնից պակաս

Հարվարդի համալսարանի հանրային առողջապահության դպրոցի գիտնականները պարզել են, որ տարեցները, որոնք ամեն օր գործածում են 1-ից մինչեւ 2 բաժակ ալկոհոլ, կոգնիտիվ խանգարումների (ծերունական դեմենցիայի) զարգացման նույնպիսի հավանականություն ունեն, ինչպիսին ունեն նրանց այն տարեկիցները, որոնք հազվադեպ են ալկոհոլ գործածում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Փորձի ընթացքում հետազոտել են 72 տարեկան եւ անց ավելի քան 3 հազար մարդու: Նրանցից մեծ մասի մոտ առաջին փուլում տկարամտության ախտանշաններ չեն դիտվել: Ընդ որում՝ 473 մարդու մոտ արդեն առկա էին թեթեւ ձեւի կոգնիտիվ խանգարումներ: Վեց տարի հետո դեմենցիա է զարգացել այդ պահին մնացած փորձի մասնակիցներից 512-ի մոտ, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդության 348 դեպք: Հետազոտության մասնակիցներին բաժանել են մի քանի խմբերի՝ ընդհանրապես ալկոհոլ չգործածողների (ընդհանուր թվի 43 տոկոսը), նրանց, ովքեր շաբաթական ալկոհոլի մեկ չափաբաժնից պակաս են խմում (15 տոկոս), ովքեր շաբաթական խմում են 1-ից մինչեւ 7 չափաբաժին (23 տոկոս), 7,1-ից մինչեւ 14 (9 տոկոս) եւ շաբաթական 14 չափաբաժնից ավելի (հետազոտության մասնակիցների 10 տոկոսը):

Պարզվել է, որ օրական 1-2 բաժակ գինի խմող տարեցները նույնպիսի ցուցանիշներ են ունեցել, ինչ իրենց տարեկիցները, որոնք ոգելից բացարձակապես չեն գործածել: Գիտնականների խոսքով, սակայն, վերջինները նույնպես եղել են հնարավոր դեմենցիայի մեծ ռիսկի գոտում:

Իսկ նրանց շրջանում, ովքեր խմել են ալկոհոլի 14 չափաբաժնից ավելի, ծերունական տկարամտության զարգացման հավանականությունը 3,5 անգամ մեծացել է՝ նրանց համեմատությամբ, ովքեր խմել են մեկ չափաբաժնից պակաս:

Ընդ որում՝ հետազոտության հեղինակները պնդում են, որ իրենց հետազոտած պացիենտներից յուրաքանչյուրի դեպքը անհատական է եւ տարեցներին խորհուրդ են տվել իրենց տարիքում թույլատրելի ալկոհոլի չափաբաժինների վերաբերյալ խորհրդակցել բուժող բժիշկների հետ: