Հայտնի են դարձել Ղասեմ Սոլեյմանիի դեմ չհաջողված մահափորձի որոշ մանրամասներ

Նրանք այդ դաժանագույն միջոցով կրոնական պատերազմ էին ուզում սկսել եւ ասել, որ դա երկրի ներսում վրիժառության գործողություն էր

Հայտնի են դարձել ԻՀՊԿ-ի «Կուդս» ստորաբաժանման հրամանատար, լեգենդար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի դեմ չհաջողված մահափորձի որոշ մանրամասներ, հայտնում է Fars-ը։

Ինչպես հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական վարչության պետ Խոջատոլեսլամ Հուսեյն Թաեբը, ահաբեկիչների խումբը Իրան է ժամանել անցյալ ձմռանը։ Նրանք ուզեցել են Իրանի հարավարեւելյան Կերման քաղաքում տուն գնել գեներալ Սոլեյմանիի հոր կողմից կառուցված մզկիթի մոտ, այնուհետեւ մզկիթի տակ հոր փորել եւ այնտեղ 350-500 տոննա պայթուցիկ տեղադրել, որը պետք է պայթեցնեին, երբ գեներալը մզկիթ այցելեր։

«Նրանք այդ դաժանագույն միջոցով կրոնական պատերազմ էին ուզում սկսել եւ ասել, որ դա երկրի ներսում վրիժառության գործողություն էր»,- հավելել է նա։ Թաեբը հայտնել է, որ խումբը կազմված է եղել երեք հոգուց, որոնք պատրաստաություն են անցել հարեւան երկրներից մեկում։ Իրենց ծրագիրը նրանք պետք է իրականացնեին ամռան վերջին, երբ ավանդաբար Սուլեյմանին գալիս է այդ մզկիթ Աշուրի եւ Տասուաի սգո արարողությանը, սակայ ԻՀՊԿ հետախուզության շնորհիվ նրանք բոլորը մինչ այդ արարողությունները կալանավորվել են։

«Թշնամիներն այնքան վստահ են եղել արաբա-իսրայելական դավադրության մեջ, որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ հայտարարել էր, թե իրենք կսպանեն գեներալ Սոլեյմանիին, սակայն դավադրությունը խափանվեց եւ ահաբեկիչները ձերբակալվեցին ԻՀՊԿ-ի հետախուզական ուժերի կողմից»,- ամփոփել է նա։