ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԱՆՐԱՄԱՍՆ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մոտ գտնվող նրա զավակները և աստվածասեր գիտնական այրերը տեղյակ են մ.թ. առաջին դարում ապրած հայոց Աբգար թագավորի և Հիսուսի նամակագրությանը մեր պատմահայր Մովսես Խորենացու «Հայոց պատմության» էջերից: Սակայն պատմահայրը տեղեկացնում է մեկ նամակի և դրա պատասխանի մասին:
19-րդ դարի ավստրիացի երաժիշտ, քրիստոնյա միստիկ, գիտնական Յակով Լորբերի հայտնագործությունը հավատի սրբազան սարսուռներ և հավիտենական արքայության նախաճաշակման ու կանխավայելման հրճվալի երանություն է պարգևում հայ քրիստոնյաների հավատավոր ու երախտագետ հոգիներին: Լորբերի բացահայտումը, որոշակի տարբերություններով միայն, փաստում է Խորենացու վկայությունը և ո՛չ միայն. գիտնականի ջանքերով ի մի են բերվել Աբգարի գրչին պատկանող բոլոր յոթ նամակները և Փրկչի պատասխանները: Այդ նամակագրությունը կարդալով` իրապես հավատում ես, որ «Բանը Մարմին եղավ և բնակվեց մեր մեջ» և հատկապես մեր` հայերիս մեջ:
Աբգար թագավորի անաղարտ հավատը և Տիրոջ գորովագին սերը սաղմնավորեցին Հայ Եկեղեցին, իսկ Լուսավորչի սուրբ չարչարանքների երկունքով այն ծնվեց, մարտիրոսների արյունով աճեց և առաքինիների վարքով զորացավ:
ԱԲԳԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՆԱՄԱԿԸ ՏԻՐՈՋԸ
Աբգար, Եդեսիայի թագավոր, բարերար և փրկիչ Հիսուսիդ, որ Երուսաղեմում հայտնվեցիր, Փառք:
Լսել եմ Քո մասին, և այն բժշկությունների, որ կատարվում են Քո ձեռքով առանց դեղերի և արմատների, որովհետև, ինչպես ասում են, Դու կույրերին տեսցնում ես, կաղերին քայլեցնում, բորոտներին մաքրում, չար ոգիներ ու դևեր հանում, դու նաև մեռածներին ես կենդանացնում: Երբ այս ամենը Քո մասին լսեցի, մտքումս դրի այս երկուսից մեկը՝ կամ Դու Աստված կլինես, որ երկնքից է իջել, կամ Աստծո որդի: Այս պատճառով Քեզ գրեցի, աղաչելով, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզանից դժգոհում են և ուզում են Քեզ չարչարել, բայց ես մի փոքր ու գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է: ՈՒստի արի ինձ մոտ, իմ բարձրապատիվ ընկեր Հիսուս և ապրիր իմ մայրաքաղաքում, որտեղ բոլորը Քեզ կպահեն իրենց ձեռքերի վրա և իրենց սրտերում:
Սպասում եմ Քեզ անհամբեր սրտով:
ՈՒղարկված է իմ հավատարիմ սուրհանդակ և ծառա Եղբոր միջոցով:
ՏԻՐՈՋ ԱՌԱՋԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ
Երանելի ես դու, Աբգար, քանզի ունես հավատ, դեռ Ինձ չտեսած: Ինչպես ասված է իմ մասին գրված Վավերաթղթում. «Տեսնողները Ինձ չեն հավատալու, ուստի չտեսնողները Ինձ հավատ են ընծայելու և ժառանգելու են Հավերժական Կյանք»:
Ինչ վերաբերում է քո նամակին, որտեղ խնդրում ես Ինձ գալ քեզ մոտ, հուդաների հետապնդումների պատճառով, կասեմ քեզ հետևյալը. պետք է այն ամենը, հանուն ինչի ես աշխարհ եմ եկել, ինձ հետ կատարվի այս վայրերում: Ճշմարիտ եմ ասում քեզ. մոտենում է ժամանակը, երբ Ինձ հետ տեղի կունենա Վավերաթղթի համաձայն այն Ամենը, որից հետո ես կվերադառնամ այն Բանին, Ումից եկել եմ Հավերժությունից:
Համբերիր Քո թեթև ախտերին: Հենց որ Ես լինեմ երկնքում, Ես քեզ մոտ կուղարկեմ իմ աշակերտին, և նա կօգնի քեզ և ցույց կտա իսկական բժշկությունը քեզ և ձերոնց:
Գրված է Տիրոջ աշակերտ Հակոբի կողմից, Նազարեթի մոտերքում և հանձնված է Եդեսիայի թագավորի սուրհանդակ և ծառա Բրախին:
Շուտով, հենց որ Տիրոջ նամակն ստանում է Աբգարը, ծանր հիվանդանում է թագավորի ավագ որդին ու ժառանգորդը: Եդեսիայի բոլոր դարմանողները նրա ախտը հայտարարում են անբուժելի: Դա Աբգարին հասցնում է լրիվ հիասթափության, և նա իր վշտի մեջ գրում է երկրորդ նամակը Փրկչին:
ԱԲԳԱՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ՓՐԿՉԻՆ
Աբգար, Եդեսիայի դժբախտ իշխան-Բարերար, Փրկիչ Հիսուսին: Փառք ու պատիվ Տիրոջը...
Հիսուս, ամենաբարի՜ Փրկիչ...
Իմ ժառանգորդ ավագ որդին պառկած է մահամերձ: Նա ինձ հետ միասին շատ ուրախացել է մեր քաղաքը Քո հնարավոր այցելության առթիվ: Չար տենդը տապալել է նրան և ամեն րոպե սպառնում է տանելու: Ես իմ ծառաներից արդեն տեղեկացել եմ, որ նման հիվանդներին Դու բուժում ես նույնիսկ հեռավորության վրա, առանց որևէ դեղամիջոցի, միայն Քո Կամքի ուժով:
Հիսո՜ւս Փրկիչ, Դու, որ հիրավի, Ամենաբարձրյալ Աստծո Որդին ես, բուժիր իմ որդուն: Նա այնպես է սիրել Քեզ, որ պատրաստ է իր կյանքը զոհաբերել Քեզ: Արտաբերիր մի բառ, և Քո ամենազոր Կամքը կբուժի նրան:
Հիսո՜ւս, Փրկիչ... Պաղատում եմ Քեզ, փրկիր, փրկիր, փրկիր որդուս հիմա և այդ մի թող Քո Հարություն առնելուց հետո, որ ավետել ես Դու: Չէ՞ որ հիվանդ եմ և ես:
Գրված է իմ մայրաքաղաք Եդեսիայում, ուղարկված է իմ նույն հավատարիմ ծառայի միջոցով:
Ծանոթագրություն: Հովհաննեսի Մեծ Ավետարանի 6-րդ հատորում Տերը հիշում է Եդեսիայի թագավոր Աբգարին, որը որոնել է Նրան և Նրա պատճառով այցելել է Դամասկոս, բայց Տիրոջը չի հանդիպել տեղում:
ԱԲԳԱՐԻ ԵՐՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ՏԻՐՈՋԸ
Աբգար, ոչնչություն իշխան Եդեսիայի, Հիսուս Փրկչին, որ հայտնվել է Երուսաղեմի կողմերում, Հավերժ Փառք:
Քո ուղերձից ողորմածությամբ լի, որը Դու` հավիտյանս հավիտենից Տեր, որ բարեհաճեցիր ամենաբարիդ ուրախություն նվիրել Իմ Որդուն և Ինձ` փոշու մեջ ապրող չնչին ճիճուիս, գտնում եմ, որ Քո մեջ միայն բնակվում է ամենաբարձր Սերը: Եվ այլ կերպ էլ չի կարող լինել, քանի որ դու միակ Աստվածն ես բոլոր Երկինքների ու այս Երկրի:
Եվ իմանալով իմ որդու անսահման սերը, Դու ինձ նվիրել ես շատ մեծ ու անչափելի սփոփանք: Իսկ ես անուժ եմ ինչ-որ բանով վարձահատույց լինել Քեզ, միայն ես` փոշի-ոչնչությունս, երիցս ծնկի կգամ Քո առջև, խնդրելով Քեզ ընդունել երախտագիտությունն իմ և իմ որդու անունից: Այդ առթիվ ընդունիր մեր անկեղծ երախտագիտությունը, որպես մեր սիրո գրավական Քեզ և հիշիր մեզ, Տեր, ինձ համար անհասկանալի Քո մեղմաբարությամբ:
Նայելով իմ հիվանդ որդուն, որն օրեցօր Քեզ սիրում է առավել, ես ևս ակամայից սկսել եմ կարոտել ավելի, քան առաջ: Ներիր, որ այդ մասին գրում եմ Քեզ: Չէ՞ որ ես գիտեմ, որ մեր բոլոր մտքերը հայտնի են Քեզ մեզանից առաջ: Բայց, չնայած դրան, գրում եմ Քեզ ամեն ինչ, ինչպես ընդհանրապես մարդը մարդուն:
Ես այսպես եմ վարվում այն պատանու խորհրդով, որին Դու պատվիրել ես ինձ: Նա արդեն ինձ մոտ է և նա հայտնել է ինձ, որ բոլորը, ովքեր խնդրանք ունեն, այդպես են դիմում Քեզ: Այդպես էլ մենք նրանից իմացել ենք, որ նա տեսել է Քեզ: Խոսում է նա կապակցված, իսկ գլխավորը` կարողանում է պատմել ու նկարագրել պատկերավոր: Եվ, հուրախություն իմ որդու, որը դեռ կենդանի է, թեկուզ շատ թույլ, այդ պատանին պատմել է մեզ Քո մասին. այնպես հանգամանորեն և պարզ է նկարագրել Քո կերպարը, որ մենք ասես տեսել ենք Քեզ` կենդանի կանգնած մեր աչքերի առջև:
Իմ մայրաքաղաքում ապրում է մի հայտնի գեղանկարիչ: Ես նրան հրավիրել եմ, և պատանու խոսքերի հիման վրա իսկույնևեթ ստեղծել է Քո կիսանկարը: Պատկերը ցնցել է մեզ, բայց երբ պատանին հավաստիացրել է, որ Դու, Տեր, հենց այդպես էլ կաս, մեր ուրախությունը դարձել է անսահման:
Օգտվում եմ առիթից, որպեսզի այս նամակի հետ իմ սուրհանդակի միջոցով հասցնի Քեզ նաև Քո դիմանկարը: Խնդրում եմ Քեզ, հայտնիր բանբերին Քո կարծիքը, թե այն ինչքանով է Քեզ նման:
Հիսուս, մարդկային ցեղի Փրկիչ, մի զայրացիր ինձ վրա դրա համար... Որովհետև հետաքրքրասիրությունը չէ, որ ստիպել է մեզ այդպես վարվել, այլ միայն անսահման Սերը Քո հանդեպ և անչափ ցանկությունը` ունենալ գոնե ինչ-որ բան, որը կարող է մեզ հիշեցնել Քո կերպարի և Քո արտաքինի մասին:
Մեր սրտերը Քո հանդեպ լի են սիրով, որովհետև Դու այսուհետ մեր մեծագույն գանձարանն ես, մեր մեծագույն սփոփանքը և մեր սրտերի զարդը և՛ կյանքում, և՛ մահվանից հետո:
Հիշիր մեզ, Տեր, քո սրտում:
Թող Քո Սուրբ Կամքը լինի մեզ համար:
ՓՐԿՉԻ ԵՐՐՈՐԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ
(Ուղարկված է տասն օր անց,
նույն սուրհանդակով)
Սիրելի իմ որդի Աբգար... Ընդունիր իմ օրհնանքը, Իմ Սերը և Իմ Ողորմածությունը:
Այստեղ` Հրեաստանում, ես հաճախ եմ ասում նրանց, ում Ես փրկել եմ ամեն տեսակ ախտերից. «Քեզ փրկել է քո Հավատը», բայց երբեք ոչ ոքից չեմ հարցրել Ես. «Արդյոք սիրո՞ւմ ես դու Ինձ»,- և ոչ ոք դեռ իր սրտի խորքից չի ասել Ինձ. «Տեր, Ես սիրում եմ Քեզ»:
Դու էլ առանց ինձ տեսնելու, հավատում ես, որ Ես եմ միակ Աստվածը, և հիմա սիրում ես Ինձ, ինչպես վաղուց վերածնված իմ Հոգու հրդեհից:
Աբգար, Աբգար... Եթե դու միայն իմանայիր, եթե դու կարողանայիր միայն հասկանալ, թե ինչքան ես դու Ինձ համար թանկ և ինչպիսի ուրախություն ես Իմ հայրական սրտի համար... Անսահման երջանկությունը կարող էր քեզ ոչնչացնել, քանզի չէիր կարող դիմանալ դրան:
Առաջիկայում ևս մնա ամուր, չնայած նրան, որ դու լսելու ես իմ մասին, չարությամբ Իմ դեմ լցված հուդաներից, որոնք շուտով Ինձ հանձնելու են դահիճների ձեռքը:
Եվ եթե դու լսես այդ մասին ու, համենայն դեպս, չկասկածես Ինձ վրա, այն ժամանակ, քո որդուց հետո, դու լինելու ես առաջինը, որը հոգեպես կենդանի մասնակցություն է ունենալու Իմ Հարությանը Իմ մահից հետո:
Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում Ես քեզ, հավատողները, որ Իմ ուսմունքը բխում է Աստծուց, հարություն կառնեն վերջին օրը և բոլորը կդատվեն արդար դատավորի կողմից և կստանան ըստ իրենց ծառայության: Բայց ինձ սիրողները, ինչպես դու, երբեք չեն ճաշակելու մահը, որովհետև մտքից էլ շուտ նրանք մարմնավոր կյանքից հափշտակվելու են հավերժական կյանք և մտնելու են Իմ` իրենց Հոր օթևանը հավիտյանս հավիտենից:
Եվ այդ դու պահպանիր քո սրտում, մինչև Ես հարություն առնեմ, այն ժամանակ անհապաղ քեզ մոտ է գալու Իմ աշակերտը, ինչպես Ես Իմ առաջին նամակում ասել եմ քեզ, նա բուժելու է քեզ ու ձերոնց, բացի քո որդուց, ով Ինձանից առաջ առանց ցավի մտնելու է Իմ արքայության մեջ:
Իսկ ինչ վերաբերում է դիմանկարի նմանությանն Իմ արտաքինին, ապա այդ մասին քեզ հանգամանալից կպատմի քո սուրհանդակը, որ Ինձ տեսել է երեք անգամ: Եթե որևէ մեկը ցանկանա ունենալ իմ պատկերը և ղեկավարվի նույն փաստարկներով, ինչպես դու, ուրեմն դրանում ոչ մի մեղք չկա, բայց վայ նրանց, ովքեր Ինձ կդարձնեն կուռք:
Եվ այդ կերպարը առայժմ որպես գաղտնիք պահիր քեզ մոտ:
(Գրված է Հրեաստանում, Իմ աշակերտի կողմից, ով մոտ է Իմ սրտին, և ուղարկված է նույն սուրհանդակի միջոցով):
ԱԲԳԱՐԻ ՉՈՐՐՈՐԴ ՆԱՄԱԿԸ ՓՐԿՉԻՆ
(Գրված է նրա երրորդ թղթից յոթ շաբաթ անց)
Աբգար, ոչնչություն իշխան Եդեսիայի, Հիսուս Փրկչին, որը հայտնվել է Երուսաղեմի կողմերում և այժմ հետապնդվում է անմիտ և կույր հրեաների կողմից, որոնք չեն տեսել առաջնային և Սուրբ Լույսին, Արևների Արևին, նրանց շարքում:
Իմ անգին Փրկիչ... Հիսուս... Այժմ իրականություն է դարձել երկրորդ նամակում քո ասածը. երկու օր սրանից առաջ իմ որդին մահացել է առանց ցավ զգալու: Մահվան մահիճում, արցունքներն աչքերին, նա խնդրել է ինձ կրկին Քեզ գրել և ասել, թե ինչքան երախտապարտ է Քեզ նրա համար, որ դու փրկել ես նրան տառապանքներից և մահվան երկյուղից: Մեռնելիս նա մշտապես իր կրծքի վրա է պահել Քո պատկերը, և նրա վերջին բառերը եղել են. «Իմ երկնային Հայր, Հիսուս, Դու հավերժական Սեր ես... Դու, որ ճշմարիտ կյանքն ես հավիտյանս հավիտենից, այժմ դու ապրում ես նրանց մեջ որպես Մարդու Որդի, որոնց ստեղծել է Քո ամենազորությունը, նրանց տալով կյանք ու դիմագիծ, Դու իմ միակ Սերն ես հավիտյանս հավիտենից... Ես կենդանի եմ... Ես կենդանի եմ... Ես Քեզանով եմ ապրում, և Քո մեջ եմ հավիտյան»: Այս խոսքերից հետո իմ որդին փակել է աչքերը:
Գիտեմ, Տեր, որ հայտնի է Քեզ, թե ինչպես է իմ որդին ավարտել իր երկրային կյանքը, որ ես և իմ ամբողջ արքունիքը դառնորեն լացել ենք նրա համար, բայց այնուամենայնիվ գրում եմ Քեզ այդ մասին` ինչպես մարդը մարդուն, մանավանդ, որ այդպես է եղել իմ որդու վերջին կամքը:
Տեր, ներիր ինձ` Քո հանդեպ մեղսակցիս, որ ձանձրացնում եմ Քեզ չորրորդ ուղերձով, և խանգարում եմ Քեզ Քո սուրբ ու մեծ աշխատանքում, սակայն, բացի դրանից, կրկին դիմում եմ խնդրանքով. ինձ մի զրկիր Քո մխիթարանքից: Ուստի խնդրում եմ Քեզ, իմ անգին Փրկիչ, ազատիր ինձ այդ հոգեկան տանջանքներից ու բզկտումներից: Բայց թող Քո Կամքը լինի, այլ ոչ թե իմ:
ՓՐԿՉԻ ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԱՍԽԱՆԸ
(Գրված Տիրոջ ձեռքով, հունարեն, ի դեպ,
նախորդ ուղերձները գրված են եղել
հին եբրայերենով)
Իմ սիրելի որդի ու եղբայր Աբգար...
Քո որդու մասին գիտեմ և տեղյակ եմ, թե ինչպիսի գեղեցկությամբ է նա ավարտել երկրային կյանքը, բայց ավելի գեղեցիկ է նա սկսել իր նոր կյանքը Իմ Արքայության մեջ:
Եվ դու ճիշտ ես վարվում, որ լացում ես նրա համար, որովհետև այս աշխարհում քիչ են բարեպաշտները, և նրանք, ովքեր քո որդու նման են, արժանի են, որ նրանց համար լացեն:
Ճշմարիտ եմ ասում Ես քեզ` Ես իմ արցունքն եմ նվիրում քո որդուն: Ամբողջ աշխարհներն են երբևէ առաջացել իմ այդ նույն արցունքից: Եվ ներկայում նման արցունքից վերածնվելու են Երկինքները: Ճշմարիտ եմ ասում Ես քեզ` անկեղծ արցունքները երկնքի արժանիքներն են, նրանք նման են անգին ադամանդի և զարդարում են երկինքը դարեդար: Իսկ չարության, ատելության, նախանձի և զայրույթի արցունքներն ամրապնդում են դժոխքի հիմքերը:
Այսպես, սփոփվիր այն գիտակցությամբ, որ սգում ես լավի և բարու համար:
Պահպանիր այդ թախիծը ևս որոշ ժամանակ: Շուտով դու լացելու ես նաև Ինձ համար, բայց ոչ երկար, որովհետև գալու է Իմ աշակերտը և ամբողջությամբ բուժելու է քեզ:
Այսուհետ եղիր առատաձեռն ու ողորմած, և փոխարենը դու գտնելու ես ողորմածություն: Մի մոռացիր չունևորներին, որովհետև նրանք էությամբ Իմ եղբայրներն են, և ինչ-որ դու անես նրանց համար, ուրեմն անում ես Ինձ համար, իսկ Ես փոխհատուցելու եմ քեզ հարյուրապատիկ:
Որոնիր Մեծությունը, այսինքն, Իմ Արքայությունը, այդ ժամանակ Փոքրը այս աշխարհում գալու է դեպի քեզ: Իսկ երբ այս աշխարհում ձգտես դեպի Փոքրը, այդ դեպքում, տես, որ հանկարծ Մեծությունը չմերժի քեզ:
Ահա քո բանտում բանտարկված է հանցագործը, ով, համաձայն քո իմաստուն օրենքների, ենթակա է մահապատժի: Իսկ Ես ասում եմ քեզ. «Սերը և ողորմածությունը բարձր են Իմաստությունից և Արդարադատությունից»: Վարվիր նրա հետ Սիրո և Ողորմածության օրենքով, և դու հավերժորեն միանալու ես Ինձ և Նրան, որից ծնունդ եմ առել Մարդու կերպարանքով: Ամեն:
(Գրված է Իմ կողմից, Կապերնաումում և ուղարկված է նույն սուրհանդակով):
Նամակում տեղ գտած հոգևոր արտահայտությունների ճշտումը, սրբագրումը`
Աշոտ ՍԱՐԳՍՅԱՆԻ և Գայանե ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ
Նյութի աղբյուրը՝ irates.am
0Comments