Հայաստանի զինված ուժերի սպառազինության մեջ կարող են բազմաֆունկցիոնալ հենահարթակներ ընդգրկվել, որոնք մշակել է «Լոկատոր» մասնավոր ընկերությունը: Ընկերության որոշ մշակումներ ներկայացվել են Հայաստանում անցկացված ԱՊՀ պետությունների «Արարատ-հակատեռոր-2019» զորավարժությունների ժամանակ:
Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտնեց ընկերության համահիմնադիր Արման Խաչատրյանը, բազմաֆունկցիոնալ հենահարթակն ամբողջությամբ ստեղծվել է Հայաստանում, միակ բանը, որը հայկական արտադրության չէ, թրթուրավոր շղթաներն են, սակայն այժմ ընկերությունը փորձում է այստեղ սկսել դրանց արտադրությունը:
Խաչատրյանի խոսքով՝ հենահարթակի բնութագրերը հետեւյալն են՝ առավելագույն արագությունը 30 կմ/ժ, հեռավորությունը 10-15 կմ, բեռնվածությունը մինչեւ 300 կգ, սակայն կշիռը կարող է նաեւ ավելի շատ լինել:
«Սկզբնապես հենահարթակը նախատեսված էր մարտի դաշտից վիրավորներին տեղափոխելու համար, սակայն դրա վրա կարելի է ցանկացած հրազեն տեղադրել, այսինքն՝ այն վերածել հեռահար կառավարմամբ մարտական մոդուլի: Այն կարող է իր վրա զենք, պայթուցիկ սարք կրել՝ այդպիսով վերածվելով «կամիկաձեի»: Բարձրանում է մինչեւ 45 աստիճանի անկյան տակ»,- ասաց է Արման Խաչատրյանը:
Հենահարթակի մշակումները սկսվել են մոտ 1 տարի առաջ: Զորավարժություններին ներկայացվել է առաջին տարբերակը, այժմ պատրաստվում է երկրորդ տարբերակը: Նոր տարբերակը կշարժվի, նույնիսկ եթե շրջվի՝ այն բանի հաշվին, որ թրթուրավոր շղթաները բարձր են հենահարթակից:
«Ցանկանում ենք սկսել մոդելի սերիական արտադրությունը մինչեւ հաջորդ տարվա վերջ»,- հավելեց Խաչատրյանը:
Իրականում ընկերության կողմից հենահարթակների մի ամբողջ շարք է մշակվել՝ դժվար հասանելի վայրերում, հատկապես անտառներում ու կտրտված տեղանքում հրշեջներին օգնելու համար, ինչպես նաեւ քաղաքային գործողությունների համար անիվային մոդել: Այդ մոդելը կարող է բարձրանալ նաեւ աստիճաններով: Հենահարթակի փոքր տարբերակը կարող է օգտագործվել նկարահանումների համար:
0Comments