Ավելի քան 1.4 միլիոն մարդ է այցելել «Թութանհամոն. Փարավոնի գանձերը» ցուցադրությանը Փարիզում, ինչը ռեկորդային թիվ է Ֆրանսիայի համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Europe1 ռադիոկայանին:
Կողոպտիչների կողմից չվնասված Թութանհամոնի (փարավոնների XVIII դինաստիա, մ.թ.ա. 1332-1323թթ.) դամբարանատեղին հայտնաբերել է հնագետ Հովարդ Քարթերը 1922 թվականին: Այդ գտածոն դարձել է եգիպտագիտության մեջ գլխավոր սենսացիաներից մեկը:
Ռադիոկայանը նշում է, որ ցուցադրությունը փակվել է կիրակի, ընդհանուր առմամբ այն այցելել է 1.42 միլիոն մարդ: Ցուցահանդեսին ներկայացվել են 150 հնագույն արտեֆակտներ փարավոնի դամբարանից: Դրանցից են ոսկյա զարդերը, փորագրությունները, քանդակները, պաշտամունքի առարկաներն ու այլ եգիպտական հնությունները: Կազմակերպիչների հաղորդմամբ՝ ցուցահանդեսը կարելի էր այցելել մարտի 23-ից սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում:
«1.4 միլիոն այցելուների 93 տոկոսը ֆրանսիացիներ էին եւ 7 տոկոսը՝ օտարերկրացիներ: Հիմնականում ցուցադրությանը հաջողություն էին բերել ֆրանսիացի այցելուները»,-ռադիոկայանը մեջբերում է գործադիր տնօրեն Թյերի Վենսանթիի խոսքերը, որը գլխավորում է էքսպոզիցիայով զբաղվող IMG France ընկերությունը:
Իր հերթին Լա Վիլեթ այգու տնօրենը, որի գլխավոր տաղավորում էր ցուցահանդեսը, Ouest France թերթին տված հարցազրույցում նշել է, որ կազմակերպիչները հույս ունեին, որ ցուցահանդեսը կայցելի շուրջ 750 հազար մարդ: Սակայն այդ ցուցահանդեսը սահմանել է նոր ռեկորդ՝ ի տարբերություն 1967 թվականի ցուցահանդեսին, որը նույնպես նվիրված էր Թութանհամոնին:
0Comments