Ես կյանքում ոչ մի բանից չեմ խուսափել. Սեյրան Օհանյան

Ես որևէ ծանր բան չեմ արել, գտնում եմ, որ ՊՆ ողջ անձնակազմը որևէ ծանր բան չի արել, ոչ մի հրաման ես չեմ տվել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել

«Միշտ էլ ասել եմ, որ հանրապետության երկրորդ նախագահը պետք է լինի ազատության մեջ, և այդ պայմաններում պետք է շարունակվի ամբողջ դատավարությունը»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Հարցին՝ ի՞նչ նպատակով է մեկնում երկրից, Օհանյանը պատասխանեց, որ մեկնում է բուժվելու, պրոթեզի սպասարկման համար հրավեր է ստացել, կոնկրետ ժամկետ է նշված: Նախկին նախարարն ասաց՝ յուրաքանչյուր երկու տարին մեկ պարբերաբար մեկնում է այդ խնդրով: 

«Ես կյանքում ոչ մի բանից չեմ խուսափել, ինչ հրավեր, ինչ փաստաթուղթ եղել է, ինքնակամ ներկայացրել եմ, կասկածողները թող իրենք մտածեն՝ Հայաստանից կարո՞ղ են հեռանալ, թե՞ չեն կարող»,-ասաց նա

Հարցին՝ արդյո՞ք քաղբանտարկյալ է Ռոբերտ Քոչարյանը, նա պատասխանեց.

«Քանի որ առանձնացված մոտեցում կա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ …  Ես միշտ ասել եմ՝ նման մոտեցում կունենայի, եթե նման մոտեցում լիներ բոլոր երեք նախագահների նկատմամբ: Քանի որ առանձնահատուկ և առանձնացված մոտեցում կա, ես գտնում եմ, որ ինչ-որ բան այն չէ, այդ դեպքում թող բոլորը մտածեն՝ ինքը քաղբանտարկյա՞լ է, թե՞ քաղբանտարկյալ չէ»:

Օհանյանն ասաց, որ առաջին օրվանից ասել էլ նշել է՝ չի ընդունում իր նկատմամբ մեղադրանքը, քանի որ այն անհիմն է և ուղղորդված է նաև «հայտնի խոսակցության» տեսագրության ժամանակ:

«Ասում են՝ Սեյրանին ձերբակալի, դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ եմ արել ծանր: Ես ոչ մի ծանր բան չեմ արել, ես զինվորական եմ եղել, «Պաշտպանության մասին» օրենքը այդ ժամանակ դեռ փոփոխված չի եղել, Գլխավոր շտաբի պետը եղել է զինվորական և ենթարկվել է ըստ ենթակայության: Ես որևէ ծանր բան չեմ արել, գտնում եմ, որ ՊՆ ողջ անձնակազմը որևէ ծանր բան չի արել, ոչ մի հրաման ես չեմ տվել, նշված հրամաններն էլ ես չեմ գրել, բայց նշված հրամանները կազմվել են, որ չեզոքացվեն այն երկու սպառնալիքները, որ այդ ժամանակ եղել են բանակում՝ խառնվելը քաղաքական գործընթացներին, նաև ամրացնել, ուժեղացնել հսկողությունը, պահպանությունը զորամասերի նկատմամբ, որովհետև տեղեկություն կար ԱԱԾ-ից, որ կարող էին լինել հարձակումներ զորամասերի վրա՝ զենք հայթայթելու նպատակով»,- ասաց Օհանյանը: