Տեղյակ չեմ, թե ով է վարում «Ուսանողները հանուն որակյալ կրթության» էջը

ԵՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն իր էջում գրում է.

«Որոշ մարդիկ իրենց շահերն առաջ տանելու նպատակով փորձում են սուտ լուրեր տարածել, թե ուսանողների այս անկեղծ ու մասշտաբային կամարտահայտությունն ուղղորդվում է իմ կողմից և, զուգահեռաբար, հրահանգավորված զանգերով, նամակներով, ուսանողների հետ զրույցներով հակաքարոզ են սկսել իմ դեմ: Ուզում եմ ընդամենն ասել, որ նման արտահայտություն անողները վերջնականապես բացահայտում են իրենց ամբողջ քամահրանքը ուսանողների նկատմամբ: Իրենք հենց այդ կարծիքն ունեն ուսանողների մասին, որ նրանց կարելի է «օգտագործել»:

Դուք գոնե մոտավոր պատկերացնո՞ւմ եք, թե ում մասին եք խոսում, տեսե՞լ եք նրանց պայծառ դեմքերը, ընկալե՞լ եք նրանց խոսքի որակը: Այս երիտասարդները ձեզնից և ինձնից առաջադեմ ու ինքնուրույն են:
Թե բա՝ ուղղորդել... Ուղղորդումներն ու դավադրությունները ձեր ոճն է, հարգելինե’րս. փաստերն առկա են:

Անգամ ֆեյսբուքում եք հրահանգում նյութ տարածել, որ մի քանի հատ «share» երևա: Մեր տարբերությունը հենց դա է. ինձ սատարող մարդկանցից ոչ ոք իրեն թույլ չի տալիս ձեզ պես զանգել ուսանողներին կամ գրել՝ վատաբանելով այլոց: Այդ առիթից օգտվելով՝ ամենօրյա ռեժիմով ուսանողներին քարոզում եք, թե իբր բոլորը իմ դեմ են ու թե բարեփոխումները խախտումներով են եղել: 7 ամիս ոչինչ չէիք նկատում, մեկ էլ հանկարծ դարի բացահայտումները սկսեցիք անել ու նենգաբար հետևիցս խոսել: Ցավում եմ, որ այդ գործով զբաղվում են նաև մի քանի մոլորյալ գործընկերներ, ովքեր մեծ ճնշման տակ են:

Իմ շրջապատի մարդկանց դասաժամերն եք կրճատում, խոշորացույցով ընկած ամբողջ թիմով ֆինանսական խնդիրներ եք փնտրում, այն դեպքում երբ ես նույնիսկ սեփական գրպանից էի գումար ծախսում, երբ գնումների գործընթացը ձգվում էր: Բոլոր օղակների հնարավոր թերացումները (այդ թվում ձեզնից մի քանիսի անմիջական պատասխանատվության միտումնավոր խախտումները) փորձում եք վերագրել բարձրագույն ղեկավարին՝ չհասկանալով, որ ձեր իսկ դեմ է դուրս գալու այդ ամենը: Ախր ամո’թ է, հարգելի’ գործընկերներ, դուք ևս շատ լավ գիտեք, թե ինչքան ծիծաղելի է ձեր արածը:

Սեփական շահամոլ արժեհամակարգով կշռված հայտարարությունների փոխարեն լրջացե’ք և հասկացե’ք, որ, անկախ շարժման կարճաժամկետ արդյունքից, սա մեծագույն հաղթանակն է միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում:

Հ.Գ.
Անգամ տեղյակ չեմ, թե ով է վարում «Ուսանողները հանուն որակյալ կրթության» էջը, բայց բնական է, որ ձեր աշխարհընկալումը ձեզ թույլ չի տա հավատալ»: