Օշականի հուշահամալիրում հարգեցին 1827-ին զոհված ռուս զինվորականների հիշատակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն Օշականի ճակատամարտում ռուս գեներալ Կրասովսկու և հայ աշխարհազորայինների հաղթանակը Հայոց պատմության բեկումնային էջերից է համարում

Օշականի հուշահամալիրում այսօր հավաքվել էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, Ռուսաստանի և Հայաստանի գիտության ու մշակույթի գործիչներ, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ՝ հարգանքի տուրք մատուցելու 1827թ. Օշականի ճակատամարտում զոհված 1131 ռուս զինվորների հիշատակին:

Արմավիրի փոխմարզպետ Կարեն Գրիգորյանն Օշականի ճակատամարտում ռուս գեներալ Կրասովսկու և հայ աշխարհազորայինների հաղթանակը Հայոց պատմության բեկումնային էջերից է համարում։

«Հարկ եղած դեպքում մեր բարեկամական ժողովուրդները կարող են միավորվել՝ թև-թիկունքի տալով, ուս ուսի կանգելով մեկը մյուսին սատար կանգնել: պատմությունը ցույց է տվել, որ դարեր շարունակ հայ-ռուսական հարաբերություններն այնքան լավ են եղել, որ կարողացել են անհրաժեշտության դեպքում իրար սատար կանգնել: Օշականի հերոսամարտում մենք ունեցանք նմանատիպ հաղթանակ»,-ասաց նա:

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հերոսների հիշատակին, Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների հոգևոր հայրերը հոգեհանգստի կարգ կատարեցին՝ խնկարկելով նրանց հիշատակը:

Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով՝ Հայ առաքելական եկեղեցին պատմության ողջ ընթացքում եղել է բանակի կողքին՝ պետության պահպանությանը զորավիգ:

Միջոցառումն ամփոփվեց Հայաստանում ռուսական զորքի զինվորական շքերթով: