Հելսինկիում կքննարկվի Հորմուզի նեղուցում եվրոպական ռազմածովային առաքելության գաղափարը. Մերկել

ԵՄ արտաքին գործերի նախարարները եւ պաշտպանության նախարարները օգոստոսի վերջին պետք է ոչ պաշտոնական հանդիպումներ անցկացնեն Հելսինկիում:

Օգոստոսի վերջին Ֆինլանդիայում Եվրոպայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպումների ժամանակ նորից կքննարկվի Հորմուզի նեղուցում եվրոպական ռազմածովային առաքելության գաղափարը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է Reuters-ը:

«Կարծում եմ՝ եվրոպական առաքելության հարցը նորից կքննարկվի, քանի որ այս բանավեճը դեռեւս համընդհանուր չի անցկացվել, դրա համար, ըստ իս,  Ֆինլանդիայի նախագահությունը կոորդինացիոն դեր կխաղա այս հարցում», - ասել է Մերկելը:

ԵՄ արտաքին գործերի նախարարները եւ պաշտպանության նախարարները օգոստոսի վերջին պետք է ոչ պաշտոնական հանդիպումներ անցկացնեն Հելսինկիում: Հուլիսի 1-ին Ֆինլանդիային փոխանցվել էր ԵՄ նախագահությունը:

Անցյալ շաբաթ Բրիատնիան միացել էր  Միացյալ Նահանգների Պարսից ծոցում անվտանգության առաքելությանը ՝ Հորմուզի նեղուցով անցնող առեւտրական նավերը պաշտպանելու  համար այն բանից հետո, երբ Իրանը բռնագրավել էր բրիտանական դրոշով նավը:

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան չի միանա Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գլխավորած ռազմածովային առաքելությանը եւ կողմ է եվրոպական առաքելությանը, բայց նաեւ նախազգուշացրել է, որ այս հարցում առաջընթացի հասնելը բավականին բարդ է: