Մենք այլևս չենք կարող ասել՝ ոչինչ չի փոխվել, կասեն՝ տես Քոչարյանը նստած է, ո՞նց չի փոխվել

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը նշել է որ կա մեկ կարևոր, կոնկրետ պրակտիկ մանրամասն՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ այս գործընթացը սկսելով և նրա լիազորությունները կասեցնելով՝ իշխանություններն ուզում են այդ գործը փոխանցել ավելի ճկվող դատավորի

Սա այնպիսի գործ է, որն ամբողջովին փուչիկ է։ Այսինքն, սա կարող է անգամ առաջին ատյանի դատարանում ջրվել, էլ չեմ խոսում այն մասին, եթե սա հասնի մինչև ՄԻԵԴ՝ պարզապես խայտառակություն կլինի Հայաստանի դատական համակարգի իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քննվող գործի մասին և նշելով, որ կա մեկ կարևոր, կոնկրետ պրակտիկ մանրամասն՝ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ այս գործընթացը սկսելով և նրա լիազորությունները կասեցնելով՝ իշխանություններն ուզում են այդ գործը փոխանցել ավելի ճկվող դատավորի․ «Բայց ես չեմ կարծում, որ այդ փոքր խնդիրը լուծելու համար կարիք կար դատական համակարգն ամբողջովին բարոյազրկելու»։

Հարցին, թե այդ դեպքում ո՞րն է պատճառը, որ իշխանությունները կենտրոնացած են Ռոբերտ Քոչարյանի գործի վրա, Ենոքյանը նշեց, որ մի քանի պատճառ կա․ «Բազմիցս խոսվել է այն մասին, որ Քոչարյանը թալանել է երկիրը, սպանել է մարդկանց և այլն, և այլն, և այդ ամեն ինչը պետք է ապացուցել, իսկ դրա համար պետք է նրան նստեցնել ու էական չէ, թե ինչ հոդվածով։ Իսկ երկրորդ կարևոր պատճառն այն է, որ այս ընթացքում մենք առանձնապես մեծ փոփոխություններ չենք տեսել ՀՀ քաղաքացիների կյանքում, իսկ Քոչարյանին նստեցնելն արդեն մեկ կոնկրետ նվաճում է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Այսինքն, մենք այլևս չենք կարող ասել, որ ոչինչ չի փոխվել՝ անմիջապես ցույց կտան, կասեն՝ տես Քոչարյանը նստած է, ո՞նց չի փոխվել»։

Ենոքյանը նշեց նաև, որ ինքը չի ասում, թե մեղադրանքները ճիշտ են, կամ՝ սխալ, բայց տեսնում է, որ այսօր այդ մեղադրանքների ապացույցը գնում է ոչ իրավական ճանապարհով․ «Միգուցե վատ են աշխատում կամ միգուցե սխալ են այդ մեղադրանքները։ Չեմ կարող ասել»։