ԱՄՆ Ինդիանա նահանգի բնակիչ Ջոզեֆ Օբերհանսլին դատարանի առջև կկանգնի ընկերուհուն սպանելու և նրա ուղեղը, ինչպես նաև սրտի և թոքերի մի մասը ուտելու մեղադրանքով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:
Հանցագործությունը կատարվել է 2014 թվականին՝ Ջեֆերսոնվիլ բնակավայրում: 46-ամյա Թեմմի Ջո Բլանտոնի մարմինը հայտնաբերել են նրա տան լոգարանում: Դիահերձումը ցույց է տվել, որ կնոջ մահը վրա է հասել բազմաթիվ ծակող վերքերի արդյունքում:
Մարմնի կողքին հայտնաբերվել են գանգի մասեր՝ ուղեղի հետ միասին, իսկ աղբամանի մեջ ոստիկանները հայտնաբերել են թավա, խոհանոցային ունելի և արյան հետքերով անձեռոցիկներ:
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են 38-ամյա Ջոզեֆ Օբերհանսլիին, որը սկզբում խոստովանել է հանցագործությունը, այնուհետև հայտարարել է իր անմեղության մասին՝ կատարվածի համար մեղադրելով աղջկան, որը «շատ է խմել և շփվել այլասերվածների հետ»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ավելի վաղ՝ 1998 թվականին, Օբերհանսլին բանտարկված է եղել 17-ամյա սիրուհու սպանության համար, սակայն վաղաժամկետ ազատ է արձակվել բանտից: Բացի այդ, նա կրակել է իր մոր և քրոջ վրա, ինչպես նաև փորձել է իրեն «մասնակի լոբոտոմիա»( գլխուղեղի մասնահատվածի հեռացում) իրականացնել:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ Օբերհանսլիին ցմահ ազատազրկում է սպառնում, նրա դատավարությունը կսկսվի օգոստոսի 19-ին:
0Comments