Կառավարության ֆինանսավորմամբ Հուրգադա-Երևան թռիչքի գումարի վերադարձը, կարծում եմ, պետք է իրականացվի քրգործով

Դժվարանում եմ պատասխանել գումարի վերադարձի հարցին

Հուրգադա-Երևան թռիչքի հարցում, որը ֆինանսավորվել է կառավարության կողմից, առաջնահերթությունը տրվել է ՀՀ քաղաքացիներին բերելուն, իսկ պետության գումարի վերադարձը, կարծում եմ, պետք է իրականացվի արդեն քրեական գործով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

Հիշեցնենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարտերային թռիչքն իրականացվել է և մի քանի օր Եգիպտոսում մնացած ՀՀ 132 քաղաքացիներին Եգիպտոսից Հայաստան վերադարձելու համար:  Նախատեսվում է ևս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան: Հուրգադայում մնացած ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար կառավարությունը հատկացվել է ընդհանուր 47.1 մլն դրամ:

«Դժվարանում եմ պատասխանել գումարի վերադարձի հարցին: Մեր գրասենյակին հանձնարարվել էր ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցը լուծել, իմ համար դա նշանակում է այդ մարդկանց բերել Հայաստան: Մնացած հարցերով, կարծում եմ, այլ գերատեսչություններ պետք է աշխատեն»,- նշեց Վարագ Սիսեռյանը:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Tert.am-ին հայտնեց, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ: 

Վարագ Սիսեռյանի խոսքով՝ վատ նախադեպ է, երբ տուրիստական ընկերության փոխարեն պետությունն է ավիաընկերությանը վճարում թռիչք իրականացնելու համար, բայց տվյալ դեպքում դա անհրաժեշտություն էր: Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը ՀՀ քաղաքացիների՝ Եգիպտոսում մնալու խնդրում նաև կառավարության թերացումն է տեսնում:

«Խնդրին պետք է նայել տարբեր տեսանկյուններից: Ոչ միայն ընկերությունն է մեղավոր այլ նաև ներկա, նախկին կառավարությունները, բոլորս, որովհետև դաշտը կարգավորված չէ, բաց կողմեր կան և նման տուրիստական ընկերություններ կարողանում են գործունեություն ծավալել, որոնք պրոֆեսիոնալ չեն, այս կամ այն խնդիրն ունեն, բայց միևնույն է աշխատում են: Երբ որ դաշտում բացեր կան, ուրեմն մենք էլ ենք մեղավոր և պետք է դիմենք այսպիսի միջոցների, որ լուծենք հարցերը»,- ասաց նա:

«Էյ ընդ Ար Տուր» տուրօպերատորի գործունեության դադարեցման հարցը, ըստ Վարագ Սիսեռյանի, իրավապահների տիրույթում է: 

Նախօրեին Հուրգադայից-Երևան թռիչք իրականացնելու համար Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը պայմանավորվածություն էր ձեռք բերել հունական SpotAir ընկերության հետ՝ Հուրգադա-Երևան երկու չվերթ կազմակերպելու կապակցությամբ` հուլիսի 26-ին և հուլիսի 29-ին։ 

Վարագ Սիսեռյանի տեղեկացմամբ՝ հայկական ավիաընկերության օդանավով փոխադրումն իրականացնելու հարցը քննարկվել է կառավարությունում, սակայն օպերատիվության խնդիր է եղել՝ ՀՀ քաղաքացիները հնարավորինս արագ պետք է վերադառնային Հայաստան. «Ես երեկ առավոտյան ընդամենը լսել եմ պատրաստակամություն հայկական ավիաընկերությունների կողմից, բայց պայմանագիրն արդեն ստորագրված էր մյուս ավիաընկերության հետ: Շնորհակալություն պետք է հայտնեմ հայկական ավիաընկերություններին, որոնք երեկ պատրաստ էին տեղափոխումն իրականացնել»։

Փոխադրումը հունական ավիաընկերության միջոցով կազմակերպելով՝ Սիսեռյանի խոսքով՝ կառավարությունը նաև Հայաստանի Հանրապետության իմիջի խնդիրն է լուծել:

«Նախ հունականը տեղակայված էր այնտեղ, երկրորդ՝ նույն այս տուրիստական ընկերությունը այդ ավիաընկերության հետ աշխատում էր: Այստեղ նաև մեր ընդհանուր իմիջի խնդիրը կար, ոչ թե միայն հայկական ավիաընկերությունով բերելու կամ օտար ավիաընկերությունով: Վերջ ի վերջո, ՀՀ քաղաքացի է տուրիստական ընկերության տնօրենը, որը պարտք է, փողոցի լեզվով ասած՝ «քցել ա» այդ մարդկանց: Հիմա այստեղ երկրորդ հարցը կա. մենք ինչ-որ ձևով այս ավիաընկերության միջոցով փոխադրումն իրականացնելով նաև վերականգնեցինք մեր իմիջը»,- ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավարը։