Պետք է Պյոտր Սվիտալսկիի հայտարարության տողատակերը կարդալ. Արմեն Աշոտյան

Եթե ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին դատենք բացառապես դեսպանի տված սուպերպոզիտիվ գնահատականներով, ապա այսքան շատ խնդիրներ կուտակված չէին լինի

Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանի հետ։

– Պարոն Աշոտյան, դուք մշտապես քննադատում եք ԵՄ-ի հետ ՀՀ իշխանությունների աշխատանքը։ ՀՀ-ում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ 2019-ի համար ՀՀ-ին ԵՄ-ի աջակցության մակարդակը 35 միլիոնից կհասնի 70 միլիոն եվրոյի։ Սա ինչպե՞ս կգնահատեք։

– Եվրամիության դերը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, իհարկե, նախ և առաջ՝ պայմանավորված է ռեֆորմների օրակարգով։ Հայաստանը դիտվել է՝ որպես հաջողության պատմություն Արևելյան գործընկերության տարածքում, և 2017 թ. կնքած համաձայնագիրը Սերժ Սարգսյանի դիվանագիտական հաղթանակն էր, որը ստեղծել է շատ ուժեղ հիմք՝ բոլոր ուղղություններով ԵՄ-ի հետ հարաբերությունների հետագա զարգացման համար։ Եվրոպական աջակցության ծավալները երկրին, նախ և առաջ՝ կախված են բարեփոխումների որակից ու ծավալից։ Ես արդեն մեկ տարի է, ինչ քննադատում եմ, որ այդ համաձայնագրով նախատեսված ռեֆորմները դոփում են տեղում, որևէ իրական բարեփոխում, որ նախատեսված է CEPA-ով, չի իրականացվել։

Այս քննադատությունն անուղղակի կերպով հաստատեց նաև դեսպանը, որ հայտարարեց, որ համաձայնագիրը նոր թևակոխում է իրականացման փուլ՝ այն դեպքում, որ մեկ տարվա ընթացքում, եթե այս կառավարությունն իրոք բարեփոխիչ կառավարություն էր և ուզում է իր քաղաքական կապիտալը ոլորտային ռեֆորմների փոխակերպել, ապա կարող էր իրականացնել, հատկապես՝ այդքան քննարկված դատաիրավական համակարգի հետ կապված։ Ֆինանսական ծավալի ավելացումը ողջունելի է։ Ցավոք, որքան ես հասկացա, դա միանվագ ավելացում է, և նախատեսված է եղել եվրոպական ֆինանսական մեխանիզմների շրջանակներում։

– 70 մլն-ը երկկողմ ծրագրավորման շրջանակներում է, դեսպանն ասել է, որ կան նաև բազմակողմ ձևաչափեր՝ ԱլԳ և այլ հիմնադրամներ։

– Բոլոր դեպքերում դա միանվագ աջակցություն է։ Ես հույս ունեմ և ներքին քաղաքական օրակարգում այս կառավարությունից մշտապես պահանջելու եմ բարեփոխումներ, որոնք հաստատված են այդ համաձայնագրով։ Մեկ տարի անց կառավարությունը վերջապես հաջողեց երկնել համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզը։ Ցավոք, ճանապարհային քարտեզի քաղաքական, իրավական կշիռն այն չէ, ինչ նախատեսված էր սկզբից, քանի որ նախատեսված էր, որ քարտեզը պետք է հաստատվի՝ որպես կառավարության որոշում, սակայն վերջում այն պարզապես վարչապետի որոշման տեսք ստացավ՝ երևի թե այն մտահոգություններից ելնելով, որ այսօրվա կառավարությունը, նախարարություններն ի վիճակի չեն լինելու իրականացնել ստանձնած պարտավորությունները և ճանապարհային քարտեզում անաղմուկ փոփոխություններ անելու մեխանիզմ են գտել. իրականացման ձախողումներն ավելի քիչ տեսանելի են լինելու վարչապետի որոշման մակարդակով շտկելու համար, քան կառավարության մակարդակով։

– Բայց Սվիտալսկին գոհունակություն է հայտնել համագործակցությունից, ասել է, որ նախարարությունների հետ քննարկումները կառուցողական են, և աշխատանքը լավատեսություն է ներշնչում։

– Եթե ԵՄ-ՀՀ հարաբերությունների մասին դատենք բացառապես դեսպանի տված սուպերպոզիտիվ գնահատականներով, ապա այսքան շատ խնդիրներ կուտակված չէին լինի։ Հիշում ենք Նիկոլ Փաշինյանի առաջին այցը Բրյուսել, մուննաթը եվրոպացիների վրա։ Ինձ հետաքրքիր է՝ երբ Նիկոլ Փաշինյանն իմացել է ֆինանսավորման ավելացման մասին, մուննաթ եկե՞լ է կրկին, թե՞ ոչ, չի՞ ասել, որ մի 2 օլիգարխի թափ տա, այդ փողը կստանա, ինչպես ասում էր Յունկերի հետ առաջին հանդիպումից հետո։ Իրականության մեջ, իհարկե, պետք է դեսպանի հայտարարության տողատակերը կարդալ։

Ինչպես յուրաքանչյուր դեսպան, պարոն Սվիտալսկին նույնպես մարդ է, բնականաբար, իր գնահատականների մեջ կան նաև որոշակի անձնավորված դրական ընկալումների նշաններ։ ԵՄ-ն մեր կարևորագույն գործընկերներից մեկն է, խնդիրը վերաբերում է և՛ CEPA-ի իրականացմանը, և՛ Եվրոպայի դերին՝ որպես տարածաշրջանային խաղացողի և Հայաստանի ու Արցախի անվտանգության և խաղաղության ամրապնդման, նաև վիզաների ազատականացման հարցով։

Տեսեք՝ վիզաների ազատականացման հարցով վարչապետի Բրյուսել կատարած վերջին այցից հետո պետական քարոզչամեքենան շոու էր սարքել Յունկերի մի հայտարարությունից, որ Հայաստանը պատրաստ է, կատարել է իր բոլոր պարտավորությունները, և պետք է օր առաջ սկսել վիզաների ազատականացման երկխոսությունը։ Դա նորից քաղաքական պոզիտիվ գնահատական էր, որ, ցավոք սրտի, չի համապատասխանում առկա քաղաքական վիճակին։ Իշխանափոխությունից հետո մեր իշխանավորները խոստանում էին, որ հեղափոխությունը կապիտալիզացվելու է նաև արտաքին քաղաքականության մեջ։

Կոնկրետ ԵՄ մասով ի՞նչ խնդիրներ ունեինք մենք՝ CEPA-ի իմպլեմենտացիա, որը չի արվել, ունեինք ֆինանսական ծավալի ավելացման ակնկալիք, որը շատ փոքր՝ ընդամենը 35 մլն եվրո չափով է ավելացել, ունեինք վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի ակնկալիք, որը, եթե մեր իշխանության ժամանակ ժամկետ էր նշվում՝ 2020 թ., ապա այսօր ոչ միայն ժամկետ չի նշվում, այլև բոլոր այս հայտարարություններից կարող ենք եզրակացնել, որ իշխանափոխությունը Հայաստանում չի կապիտալիզացվում արտաքին քաղաքականության մեջ, նաև ներեվրոպական խնդիրներով պայմամավորված, երկխոսության մեկնարկի հետաձգումն ակնհայտ է։ Այսինքն՝ որևէ ուղղությունով լուրջ, շոշափելի փոփոխություններ չկան։ Հակառակը՝ կա աշխատանքի դանդաղում, ձգձգում, ոչ պրոֆեսիոնալ, վատ կառավարման, վատ կադրային քաղաքականության պատճառով ռեֆորմների խցանումներ, կամ լավագույն դեպքում՝ ռեֆորմ անելու իմիտացիա։

– Արդարադատության համակարգում բարեփոխումների հետ կապված՝ Սվիտալսկին ասել է, որ մի քանի օր առաջ Բրյուսելից ժամանած գործընկերները ՀՀ կառավարության հետ կառուցողական քննարկումներ են անցկացրել, և ԵՄ-ն պատրաստ է տրամադրել էական ֆինանսական աջակցություն։

– Եվրոպական աջակցությունը բարեփոխումներին բոլոր ուղղություններով շատ գնահատելի է, այդ թվում՝ դատաիրավական համակարգի։ Բայց այս դեպքում ևս եկեք հասկանանք՝ բարեփոխումներ անելու ցանկությունը մեծ է, մշտապես եղել է, բարեփոխումները սկսվել են դեռևս մեր իշխանության օրոք, այսօրվա իշխանությունները դատաիրավական համակարգի բարեփոխումներ ասելով՝ ի՞նչ բովանդակություն են դնում դրա մեջ։ Աջակցության ցանկությունը քաղաքական է ու ողջունելի է։ Սակայն ո՞ր բարեփոխումներին, ինչպիսի՞ բարեփոխումներին, դրանք ի՞նչ բովանդակությամբ են։ Կա՞ դատաիրավական համակարգի հայեցակարգ։ Կա՞ ինչ-որ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որ հասանելի է հասարակությանը։ Ես միայն կարող եմ ասել, որ այս հարցով իրենց պատգամավորների հայտարարություններն անգամ այնքան իրարամերժ են, որ խոսել որևէ նախագծված բովանդակության մասին, կարծում եմ, շատ վաղ է։ Եթե կան փաստաթղթեր, նախագծեր, որոնք հայ հասարակությունից հեռու են պահում այս փուլում, բայց  քննարկում են եվրոպացիների կամ այլ միջազգային գործընկերների հետ, դա շատ վատ է։ Դա նշանակում է, որ գործող կառավարությունը ոչ թափանցիկ և ոչ հաշվետու է աշխատում հասարակության ու քաղաքական շրջանակների հետ, եթե, իհարկե, կա այդպիսի նախագիծ։

– Ադրբեջանում Դոնալդ Տուսկի արած հայտարարությունը, թե ԵՄ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, պարոն Սվիտալսկին անհանգստանալու պատճառ չի համարել և նշել է, որ Եվրոպական միության դիրքորոշումը ԼՂ  հակամարտության կարգավորման հարցում  չի փոխվել, աջակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը:

– Տուսկի վերջին այցից կարելի էր ակնկալել ավելի մեծ քաղաքական արդյունք, քան պարզապես այն, ինչ մենք այստեղ տեսանք։ Երևան Տուսկի այցի միակ քաղաքական հետևանքը եղավ այն, որ նա Հյուսիսային պողոտայում տեսավ, որ այնպես չէ, որ Նիկոլ Փաշինյանը շատ սիրված է բոլորի կողմից։ Նա տեսավ դա Աբովյան փողոցի վրա, երբ ոստիկանական պատնեշը Ռոբերտ Քոչարյանի աջակից ցուցարարներին զատում էր Նիկոլ Փաշինյանից, և այլն։

Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության գործընթացին, դա առանձին մեծ թեմա է։ Ես մշտապես զգոնության կոչ եմ արել այս իշխանություններին, քննադատել եմ վարվող բանակցային քաղաքականությունը, իմ դժգոհություններն եմ հայտնել, որ այս իշխանությունները մսխեցին Սերժ Սարգսյանի թողած քաղաքական ժառանգությունը բանակցային պրոցեսում՝ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածությունների տեսքով, այս իշխանությունների օրոք ինքնորոշման իրավունքի մասին շատ քիչ է խոսվում, և Նիկոլ Փաշինյանը երբևէ չի հայտարարել, որ Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմելու։ Ի՞նչն է իրեն խանգարում դա անել, ես չեմ հասկանում։

Հարցազրույցը՝ 168.am-ի