Ռուսաստանի Դաշնության խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հերթական անգամ քննարկում է երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելու և օրենսդիր մարմնին ավելի շատ լծակներ տրամադրելու հնարավորությունը։
Bloomberg լրատվական գործակալությունն ավելի վաղ հաղորդել է, որ Կրեմլը քննարկում է նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման չորրորդ ժամկետի ավարտից հետո նրա կառավարումը խորհրդարանի լիազորություններն ընդարձակելու եղանակով երկարաձգելու տարբերակը։
Վոլոդինն առաջարկում է Պետդումային ընձեռել Ռուսաստանի կառավարության ձևավորմանը մասնակցելու իրավունք։Այս տարվա ապրիլին նա արդեն մեկ անգամ խոսել է դրա մասին, գանգատվելով, թե «պատգամավորները չունեն կառավարության կազմը հաստատելու հարցում դերակատարության հնարավորություն»։ Երեկ նա այդ թեմայով ծավալուն հոդված է հրապարակել "Парламентская газета" թերթում։
Հիշեցնենք, Պուտինի պաշտոնավարումն ավարտվում է 2024 թվականին, և նա այլևս չի ունենա ևս մեկ անգամ նախագահ առաջադրվելու իրավունք։
Bloomberg-ի աղբյուրների փոխանցմամբ, հարցի լուծման տարբերակներից մեկը վարչապետի պաշտոնն է, սակայն դա տեղի չի ունենա այնպես, ինչպես նախկինում, երբ Պուտինը դարձավ կառավարության ղեկավար, իսկ Դմիտրի Մեդվեդևը՝ նախագահ։
Նոր սցենարով ենթադրվում է, որ Պուտինը կդառնա վարչապետ, նախագահի լիազորություններն էապես կսահմանափակվեն, Պետական դումայում շեշտակի կավելանա ոչ թե համամասնական, այլ մեծամասնական ընտրակարգով ընտրվող պատգամավորների թիվը։
The Bell պարբերականն էլ նշում է, որ երկրի վարչապետին այդ դեպքում Պետական դուման է ընտրելու։
Սա ընդամենը սցենարներից մեկն է, ռուսաստանցի վերլուծաբանները չեն բացառում նաև այսպես կոչված «ղազախական տարբերակը», ըստ որի ավարտելով աշխատանքը նախագահի պաշտոնում՝ Պուտինը օրենսդիր իշխանության կողմից կստանա «ազգի առաջնորդի» կոչում և այդ կարգավիճակով կշարունակի ղեկավարել Ռուսաստանի Դաշնությունը։
Մետաքսյա Շալունց, գրում է hayeli.am:
0Comments