«Տիվարե» ամբարտակի փլուզումը հնդկական արեւմտյան Մահարաշթրա նահանգում, որը 18 մարդու կյանք է խլել, տեղի է ունեցել ծովախեցգետինների «արշավանքի» պատճառով, որոնք սկսել են իրենց հսկայական բները կառուցել ամբարտակի մոտ եւ դրանով իսկ քանդել այն, ասել է տարածաշրջանի ջրային պաշարների նախարար Թանաջի Սավանթը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Մինչեւ վերջերս ջրի ոչ մի արտահոսք չկար։ Խնդիրներն սկսվեցին այն բանից հետո, երբ ամբարտակի շրջակայքում սկսեցին հայտնվել ծովախեցգետինների մեծ կուտակումներ։ Տեղի բնակիչները մեզ տեղեկացրին այդ մասին, եւ մենք միջոցներ ձեռնարկեցինք։ Այն, ինչ տեղի ունեցավ, վատ հանգամանքների բերումով է»,- տեղեկացրել է պաշտոնյան, որի խոսքերը մեջբերում է Hindustan Times թերթը, գրում է news.am:
ԶԼՄ-ները հիշեցնում են, որ, թեեւ ծովախեցգետինների բնակության սովորական վայրը ծովն է, այն կարող է ապրել ինչպես աղի, այնպես էլ մաքուր ջրում։ Դրանք հեշտությամբ հայտնվում են գետերում եւ բազմանում այնտեղ՝ հարմարվելով գրեթե ցանկացած պայմանի։
«Տիվարե» ամբարտակի փլուզումը Մահարաշթրայում առաջ է բերել հեղեղումներ յոթ գյուղերում։ Բացի այդ, 12 միահարկ տներ, որոնք գտնվել են հոսանքի ուղղությամբ, ջրից քշվել են։ Վերջին տեղեկության համաձայն՝ պատահարի հետեւանքով զոհվել է 18 մարդ, եւս մի քանիսը համարվում են անհետ կորած։ Տեղում շարունակվում է փրկարարական գործողությունը, որին մասնակցում են ոստիկանությունը եւ կամավորների թիմեր։
0Comments