ԱՄՆ դպրոցներում մեկնարկում է փորձնական ծրագիր, որի շրջանակում ուսումնական գործընթացում առաջին անգամ կներդրվեն մարդանման ռոբոտներ։ Նախաձեռնությունն ուղղված է աշակերտների ներգրավվածության բարձրացմանը և ուսուցման մեջ արհեստական բանականության կիրառմանը, հայտնել է Interesting Engineering-ը։
Realbotix ընկերությունը ներկայացրել է Optio համակարգը՝ որպես ուսուցչի ԱԲ օգնական, ինչպես նաև իր M-Series մարդանման ռոբոտը։ Փորձարկումների առաջին հարթակը դարձել է Նյու Յորքի նահանգի Salamanca City Central School District դպրոցական օկրուգը։
Սկզբնական փուլում ռոբոտը կօգտագործվի դասերի և ինտերակտիվ պարապմունքների ընթացքում։ 2026 թվականի աշնանը ծրագիրը նախատեսվում է ընդլայնել՝ ընդգրկելով ավագ դպրոցի մոտ 500 աշակերտի։
Նախագիծը միավորում է արհեստական բանականության հիման վրա ստեղծված ծրագրային ապահովումը մարդանման ռոբոտի հետ՝ ձևավորելով ինտերակտիվ կրթական միջավայր։ Optio համակարգը կատարում է ուսուցչի թվային օգնականի և տնային կրկնուսույցի դեր։ Աշակերտները կկարողանան շփվել անհատականացված թվային ավատարների հետ, որոնք ուսուցանվել են դպրոցի հաստատված ծրագրի հիման վրա։
Հարթակն օգնում է ամրապնդել ուսումնասիրված նյութը, անցկացնել անհատական պարապմունքներ, մի քանի լեզվով բացատրել տնային առաջադրանքները և ապահովում է շուրջօրյա ուսումնական աջակցություն։
Realbotix-ում ընդգծում են, որ համակարգը հագեցած է կրթական միջավայրի համար նախատեսված անվտանգության հատուկ մեխանիզմներով։ Դպրոցական օկրուգը վերահսկում է դրա աշխատանքը, իսկ ներկառուցված սահմանափակումները պետք է կանխեն ոչ կոռեկտ պատասխանների հայտնվելը։ Բացի այդ, հարթակը հարմարեցված է նեյրոզարգացման առանձնահատկություններ ունեցող աշակերտների համար՝ առաջարկելով անհատական կրթական ուղիներ և ուսումնական նյութերին մշտական հասանելիություն։
Փորձնական նախագիծը սկզբում կընդգրկի այն դպրոցականներին, որոնք ուսումնասիրում են Woz ED-ի արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի դասընթացները։ Դա պայմանավորված է նրանով, որ Սալամանկայի օկրուգը ներառված է Woz ED STEM Pathway ծրագրում, որը միտված է մասնագետների պատրաստմանը ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտում։
Realbotix-ի գլխավոր տնօրեն Էնդրյու Քիգուելի խոսքով՝ ընկերությունը լաբորատոր փորձերից անցնում է «մարմնավորված արհեստական բանականության» կիրառմանն անմիջապես դպրոցական դասարաններում։
M-Series ռոբոտը նախատեսված է աշակերտների հետ կենդանի շփման համար։ Այն օգտագործում է բնական լեզվի մշակում, կարող է իրական ժամանակում զրույց վարել, պատասխանել հարցերի, մասնակցել քննարկումների և բացատրել ուսումնական նյութը։ Շարժուն դիմախաղի և դեմքի իրատեսական արտահայտությունների շնորհիվ նրա հետ փոխգործակցությունը պետք է լինի ավելի բնական, քան էկրանին սովորական չաթ-բոտի հետ շփումը։
Մշակողները նաև ակնկալում են, որ ռոբոտը կօգնի աշակերտներին ավելի լավ հասկանալ ժամանակակից տեխնոլոգիաների աշխատանքի սկզբունքները։ Գործնական պարապմունքների ընթացքում դպրոցականները կկարողանան ուսումնասիրել խոսակցական արհեստական բանականությունը, մեքենայական ուսուցումը, ինժեներական ռոբոտատեխնիկան և մարդու ու մեքենայի փոխազդեցությունը։
Ընկերության կարծիքով՝ նախագիծը ոչ միայն կբարձրացնի դպրոցականների ներգրավվածությունն ուսուցմանը, այլև կդառնա այն բանի ցուցադրությունը, թե ինչպես կարող են մարդանման ռոբոտները կիրառվել կրթական միջավայրում և ավելի լայն կիրառություն գտնել հետագայում։
