Դրանք արդեն կոչել են «այլասերվածների ակնոցներ»։ Մարկ Ցուկերբերգը կնախընտրեր, որ դուք դրանք կոչեիք Ray-Ban Meta խելացի ակնոցներ կամ պարզապես AI-ակնոցներ, սակայն դրանք ավելի ու ավելի են ասոցացվում անբարեխիղճ մարդկանց հետ, որոնք օգտագործում են դրանք շրջապատողներին նրանց համաձայնության առանց գաղտնի նկարահանելու համար, գրում է Independent-ը։
Այս շաբաթ TikTok-ում վիրուսային տարածում ստացավ մի տեսանյութ, որտեղ հիվանդ կինը հանդիմանում է բժշկին բժշկական զննության ժամանակ խելացի ակնոց կրելու համար, որը ենթադրում է մերկացում։ Չնայած բժշկի հավաստիացումներին, թե ակնոցի տեսախցիկը չի նկարահանում, հիվանդը հիմնավոր կերպով կասկածի տակ է դրել, թե ինչու էր անհրաժեշտ դրանք կրել աշխատասենյակում։
«Դրանք պետք է արգելել աշխատանքային միջավայրում, հատկապես բժշկական ոլորտում», — հայտարարել է նա։
Այս խոսքերը արձագանքում են սոցիալական ցանցերում եղած անհամար հրապարակումներին, այդ թվում՝ հենց Meta-ի սեփական Threads ցանցում, որոնց հեղինակները պահանջում են արգելել այս գաջեթը։ Որոշ վայրերում դա արդեն արվել է։ Անգլիայի և Ուելսի դատարաններն արգելել են նման ակնոց կրել դատարանների շենքերում։ Նմանատիպ արգելքներ են սահմանվել մի շարք ռեստորաններում, թատրոններում և փաբերում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում Wetherspoons ցանցի ավելի քան 800 հաստատություններում։
Google Glass-ի 12 տարի առաջվա ձախողումից հետո խելացի ակնոցների շուկան վերածնունդ է ապրում մեծապես Meta-ի սարքերի շնորհիվ։ Անցյալ տարի վաճառվել է յոթ միլիոն զույգ, իսկ առաջիկա ամիսներին սեփական խելացի ակնոցները նախատեսում են ներկայացնել Apple-ն ու Google-ը։
Համեմատած երբեմնի ծաղրի ենթարկված Glass սարքերի և նրանց կրողների հետ, որոնց արհամարհանքով կոչում էին «Glassholes», խելացի ակնոցների նոր սերունդն այլևս ծանրաշարժ կամ փորձարարական տեսք չունի։
Աշխարհում ամենավաճառվող արևապաշտպան ակնոցների բրենդի հետ համագործակցության շնորհիվ Meta-ն կարողացավ բնականորեն ինտեգրել տեխնոլոգիան այնպիսի աքսեսուարի մեջ, որը մարդկանց մեծ մասն առանց այդ էլ կրում է ամեն օր։ Գաջեթը նաև շահել է արհեստական բանականության ոլորտում լայնածավալ ձեռքբերումներից՝ առաջարկելով օգտակար գործառույթներ, ինչպիսիք են ձայնային և տեքստային թարգմանությունը իրական ժամանակում։
Բեկման և ձախողման սահմանագծին
Meta-ի ակնոցները հավակնում են դառնալ 2020-ականների ամենատպավորիչ սպառողական սարքերից մեկը։ Դրանք կարող են ձայնային հուշումներ տալ, պատմել շրջակա միջավայրի մասին, վերարտադրել երաժշտություն, կատարել զանգեր և լուսանկարներ կամ տեսանյութեր անել՝ առանց հեռախոսը հանելու անհրաժեշտության։
Սակայն դա բավարար չէ թերահավատներին համոզելու համար։
««Այլասերվածների ակնոցների» օգտագործման սցենարները՝ առանց վատ ենթատեքստի, չափազանց խղճուկ են թվում, — գրել է FT-ի սյունակագիր Քեթի Մարտինը (Katie Martin) Bluesky-ում վերջերս արած գրառման մեջ՝ հավելելով, որ սարքը «նպատակային կերպով նախատեսված է այլասերվածների համար»»։
Խնդիրներից մեկը հենց Meta ընկերությունն է, որի հեղինակությունը գաղտնիության հարցերում իդեալականից շատ հեռու է։ Դա ձգվում է դեռ այն ժամանակներից, երբ Ցուկերբերգը Facebook-ի առաջին օգտատերերին անվանել էր «ապուշներ» այն բանի համար, որ նրանք իրեն էին վստահել իրենց տվյալները։
Facebook-ին, Instagram-ին, Threads-ին և WhatsApp-ին տիրապետող ընկերությունն արդեն ունի հսկայական ծավալի տեղեկություններ միլիարդավոր մարդկանց առցանց կյանքի մասին։ Տեսախցիկներ և խոսափողներ ավելացնելը օգտատերերի դեմքերին սպառնում է կորպորացիային տալ նույնքան մտերմիկ հասանելիություն նաև նրանց օֆլայն կյանքին։
Ընկերությունում փորձել են մեղմել գաղտնիության հետ կապված մտահոգությունները՝ հայտարարելով, որ ակնոցները հագեցած են լուսադիոդային ցուցիչով, որը վառվում է նկարահանման մեկնարկի պահին։ Սակայն այս պաշտպանությունը շրջանցելու հրահանգները հեշտությամբ կարելի է գտնել համացանցում։
Ռիսկերն ու հարթակների արձագանքը
Նման միջադեպերը սնուցում են խելացի ակնոցների չարաշահման վերաբերյալ վախերը։ Պատահական անցորդների գաղտնի նկարահանման շուրջ ձևավորվել են ամբողջ համայնքներ՝ մարդկանց առանց նրանց իմացության նկարահանողների մասնակցությամբ։
Այս շաբաթ հրապարակված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Instagram-ում հրապարակված գաղտնի տեսանյութերի ավելի քան կեսը պարունակում է վարքագիծ, որը դասակարգվում է որպես պոտենցիալ ոտնձգություն, երբ կանանց նկարահանում են առանց նրանց համաձայնության՝ աշխատանքի վայրում, մարզասրահում կամ լողափում։
Սիդնեյի համալսարանի հետազոտողները նախազգուշացրել են, որ կրելի տեսախցիկների տարածումը ծնում է «առցանց հետապնդման և գենդերային ճնշումների նոր ձևեր», քանի որ տեխնոլոգիաներն առաջ են անցնում պաշտպանական մեխանիզմներից։
Ի պատասխան ուսումնասիրության՝ հնչել են գաղտնիության խնդիրներն անհապաղ լուծելու կոչեր։ Instagram-ի ղեկավար Ադամ Մոսերին (Adam Mosseri) հայտարարել է, որ այն բովանդակություն ստեղծողների հաշիվները, որոնք «օգտվում են մարդկանց խոցելիությունից և զբաղվում հետապնդմամբ», կհեռացվեն։
Հնարավոր է՝ գա մի ժամանակ, երբ նման տեխնոլոգիաների հարմարավետությունը կգերազանցի անձնական կյանքի վերաբերյալ մտահոգությունները, ինչպես եղավ սմարթֆոնների դեպքում։ Բայց դրան հասնելու համար պարզապես տեխնիկական նորարարությունները բավարար չեն լինի։ Ընկերությունները պետք է շրջապատողներին ապացուցեն, որ նման գաջեթները վտանգ չեն ներկայացնում։
