Չինաստանում ներկայացրել են անօդաչու սարքերի հայտնաբերման նոր համակարգ, որը հայտնաբերում է ԱԹՍ-ներին ձայնով, այնուհետև նույնացնում օպտիկական տեսախցիկների միջոցով: Համալիրի մշակողը «Beijing Ribri Technology» ընկերությունն է։

Համակարգը կշռում է 6,4 կգ և ներառում է ակուստիկ մոդուլ՝ 48 խոսափողով, ինչպես նաև տեսանելի և ինֆրակարմիր տիրույթներում աշխատող տեսախցիկ: Մշակող ընկերությունը հայտնել է, որ համալիրն ունակ է հայտնաբերել ինչպես փոքր՝ FPV-դրոններ, այնպես էլ ավելի մեծ անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Շահեդ-136»: Օպտիկական մոդուլը կարող է հայտնաբերել թիրախը մինչև 4 կմ հեռավորության վրա և աշխատել շուրջօրյա:

Համալիրի առանձնահատկություններից մեկը ռադարի բացակայությունն է։ «Beijing Ribri Technology» ընկերությունում նշում են, որ դրա շնորհիվ ռադիոլոկացիոն ալիքների վրա ազդող ռադիոէլեկտրոնային պայքարի ավանդական միջոցներով համակարգը հնարավոր չէ ճնշել։ Ընդ որում, համալիրի արդյունավետությունը իրական մարտական պայմաններում անկախ գնահատականներով չի հաստատվել։

Մշակումն առաջարկվում է օգտագործել ռազմական օբյեկտների, կրիտիկական ենթակառուցվածքների և ծովային օբյեկտների պաշտպանության համար։ Սարքավորումները ունեն պաշտպանիչ շերտ ու նախատեսված են բարդ եղանակային պայմաններում աշխատելու համար:

Ավելի վաղ հաղորդվել էր նաև Ռուսաստանում անօդաչու թռչող սարքերին հակազդելու նոր միջոցների մշակման մասին:

Share.