Ինչպե՞ս կազմակերպել երեխայի ամառային արձակուրդները

Շատ կարևոր է, որ հանգիստը ներառի ակտիվ մաս, այսինքն՝ վազելու, խաղալու, ակտիվ վարժություններ անելու գործողություններ

Ուսումնական տարվա ընթացքում երեխաներն անհամբերությամբ սպասում են ամառային արձակուրդներին՝ երազելով դրսում խաղալու և դաս չանելու մասին:

Հոգեբանի խոսքով՝  դասերի մասին, առհասարակ, մոռանալը խրախուսելի չէ, սակայն դա չի նշանակում ամեն օր դաս անել և մոռանալ հանգստի մասին: Ինչպե՞ս կարելի է ճիշտ կազմակերպել փոքրիկի հանգիստը` համատեղելով օգտակարն ու արդյունավետը: Այս հարցի շուրջ «Իմ փոքրիկ»-ը խոսել է «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի հետ:

– Շատ կարևոր է, որ հանգիստը ներառի ակտիվ մաս, այսինքն՝ վազելու, խաղալու, ակտիվ վարժություններ անելու գործողություններ: Իհարկե, յուրաքանչյուր ընտանիք ինքն է ընտրում հանգստի իր եղանակը՝  ելնելով հետաքրրություններից: Բայց բոլոր դեպքերում հանգիստն առավել հետաքրիր դարձնելու համար  երեխային պետք է մղել ֆիզիկական ակտիվության:

Այսպիսով՝ առանձնացնենք ամառային արձակուրդներն անցկացնելու մի քանի տարբերակ:

1. Ամառային դպրոցներ

Ներկայում կան տարբեր տեսակի ամառային դպրոցներ, որոնց  նպատակը ոչ այնքան դաս անելն է, որքան  ֆիզիկական ակտիվությամբ վարժություններ կատարելը, տարբեր հմտություններ ձեռք բերելը: Նման  միջավայրերն օգնում են երեխային ավելի ինքնավստահ լինել, նոր ընկերներ ձեռք բերել, շփման մեջ ազատ լինել, լիցքաթափվել:

2. Դաս անե՞նք

Իհարկե, դասերին ևս  արժե անդրադառանալ, բայց ոչ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո: Մի՛ մոռացեք,  որ նրանք առանց այն էլ  անհամբեր սպասում են, որ դասերն ավարտվեն։ Դրա համար անհրաժեշտ է մի որոշ ժամանակ նրանց  շեղել դասերից, մի քիչ լիցքաթափել: Երեխաներին կարելի է տանել պարապմունքների, բայց չի կարելի ծանրաբեռնել:  Կարևոր է, որ երեխան պարտադրված չգնա պարապմունքների, այլապես արդյունք չի տա: Կարող եք երեխային առաջարկել 10 րոպե արտագրություն անել, այս կամ այն վարժությունը կատարել, սակայն դա չպետք է տևի օրակամ 15 րոպեից ավելի:

3. Ծնող-երեխա. մտերմության լավագույն շրջանը

Ամառային արձակուրդների շրջանը լավագույնն է երեխայի հետ հարաբերությունների ամրապնդման համար, քանի որ տարվա մյուս շրջաններում երեխա-ծնող կապը գնալով թուլանում է  դասերի, աշխատանքի, հետևաբար՝ ծանրաբեռնված լինելու պատճառով: Օգտվե՛ք այդ հնարավորությունից՝ ավելի մոտ լինելու երեխային:

4. Գրքեր, արշավներ, բնություն, կենդանիներ

Կարելի է երեխայի հանգիստը կազմակերպել՝ նրան տանելով արշավների: Այն շատ է օգնում զարգանալ, մեծանալ, ինքանվստահություն ձեռք բերել, կոփվել, ինքնուրույնություն ձեռք բերել: Ցանկալի է երեխաների հետ ընթերցանությամբ զբաղվել՝ հեքիաթներ կարդալ, տարբեր պատումներ պատմել միասին: Հանգստի մեջ պետք է ներառել նաև բնության, կենդանիների հետ շփումը:

5. Իսկ նա քանի՞ տարեկան է

Ժամանցի  կազմակերպման մեջ երեխայի տարիքը շատ կարևոր է: Մանկապարտեզի տարիքի երեխաների համար քնի, ճաշի ռեժիմը պետք է նույն կերպ կազմակերպել: Իսկ ահա ավելի մեծ՝ դեռահասության տարիքի երեխաների մոտ հանգստի կազմակերպման եղանակը տարբերվում է: Այս դեպքում  հաճախ ծնողն է թելադրում դեռահասին՝ ինչպես կազմակերպել հանգիստը: Սակայն հաշվի առնելով այս տարիքի մի շարք նրբություններ՝  հարկավոր է քննարկել երեխայի հետ հանգստի կազմակերպման ձևը:

Շատ հնարավոր է, որ դեռահասն ունենա այնպիսի հորմոնալ ակտիվ ֆոն, այնպիսի մարմնային հոգնածություն, հոգեկան լարվածություն, որ ակտիվ հանգիստ չցանկանա: Հնարավոր է՝ նա նախընտրում է  բնության գրկում լինել, երաժշտություն լսել, հանգստանալ: Այս դեպքում հարկավոր է մեկ շաբաթ թողնել նրան  հանգիստ վիճակում, այնուհետև միասին արշավ գնալու պլաններ մշակել:

Իզուր չէ, որ երեխաներն  այդքան շատ են սիրում արձակուրդները։ Ի վերջո, արձակուրդը նրա համար է,  որ մարդը վերականգնի իր ուժերը, հոգեբանական ռեսուրսները: Այս դեպքում ծնողն ու երեխան պետք է համագործակցեն միմյանց հետ, այլապես հանգստի ոչ ճիշտ կազմակերպումը ամբողջ տարվա ընթացքում երեխայի մոտ ֆիզիկական հիվանդությունների և հոգեբանական խնդիրների պատճառ կարող է դառնալ: