Սահմանադրական դատարանի անդամներն ու դատավորները յուրաքանչյուրն իր ընտրված ժամկետով պաշտոնավարում է, եւ դա գրված է Սահմանադրության մեջ։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի այն հայտարարության մասին, թե ինքը ստանձնում է ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը, գրում է news.am:
«Մինչ այս պահը ՍԴ դարավորները ճանաչվել են հեղափոխական իշխանության կողմից, ճանաչված են միջազգային հանրության կողմից, նաեւ գիտեմ, որ ՍԴ-ի որոշման հիման վրա փոփոխություն է կատարվել «ԱԺ կանոնակարգ» օրենքում, հենց որով էլ մենք կատարել ենք քվեարկություն՝ ՍԴ դատավոր ընտրելու համար»,-նշեց նա:
Այն դիտարկմանը, թե մյուս անդամներն ընտրվել են ՍԴ անդամ, ոչ թե դատավոր, իսկ դատավորի եւ ՍԴ անդամի մեջ տարբերություն կա, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «ՍԴ անդամներն ու դատավորները յուրաքանչյուրն իր ընտրված ժամկետով պաշտոնավարում է եւ դա գրված է Սահմանադրության մեջ: Դա որեւէ կերպ չի փոխվել եւ հետադարձ ուժով էլ չի կարող վատթարացնող նորմ ընդունվեր, հետեւաբար այդտեղ այդ փաստարկն այնքան էլ տեղին չէ: Այսինքն, այն որոշումները, որ ընդունել են, որոշում չե՞ն: Եթե չեն, բա ինչի՞ ենք օրենքը փոխել՝ դրա հիման վրա: Բա ինչի՞ է Հրայր Թովմասյանը գնում պրոտոկոլով վարչապետի կողքը կանգնում: Հասկանանք՝ ով է վիճարկում, միայն Վահե Գրիգորյանի՞ մոտեցումն է, թե՞ իշխանությունն է այդ մոտեցումը կիսում»:
Պատգամավորը շեշտեց՝ նախկին իշխանության ժամանակ եղել է քննարկում, համաձայն որի ՍԴ անդամները մեխանիկորեն դառնում են ՍԴ դատավոր․ «Բնականաբար միշտ կարող է լինել իրավաբանների մի խումբ, որ մի կերպ մեկնաբանի»։
Ի պատասխան պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի դիտարկամանը, թե վաղը Հրայր Թովմասյանը չպիտի գնա աշխատանքի եւ ոստիկանությունը չպիտի թույլատրի, որ Հրայր Թովմասյանը մտնի ՍԴ-ի շենք, ԼՀԿ խմբակցության ղեկավարը հորդորեց սպասել․ «Սպասենք վաղվան, քնենք այսօր, վաղը արթնանանք։ Գիտեք, ես ոչինչ չեմ բացառում, որովհետեւ 7 տարի է ես քաղաքականության մեջ եմ, շատ բան եմ տեսել եւ վստահ եմ՝ ապագա տարիներին այնպիսի բաներ եմ տեսնելու, որ երբեւէ չեմ պատկերացրել, որ կարող է նման բան լինել»:
Իսկ հարցին՝ եթե այնուամենայնիվ Հրայր Թովմասյանին վաղը ոստիկանները թույլ րտան մուտք գործել ՍԴ, նա քաղհայածյալ կդառնա, պատգամավորը նշեց. «Չեմ կարող ասել՝ թույլ կտան, թե թույլ չեն տա եւ դրա արդյունքում ինչ կլինի: Կտեսնենք: Եթե ոստիկանը թույլ չտա, պիտի ասի, չէ՞, թե ինչի թույլ չի տալիս, պիտի հղում անի որեւէ օրենքի վրա»:
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը այսօր Ազգային ժողովում հայտարարեց, որ որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ստանձնելու է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը։
0Comments