Հայաստանի ֆուտբոլային մրցաշրջանի դափնեկիրների պարգեւատրությունը

Պարգևատրվեցին նաև փոխչեմպիոն «Փյունիկն» ու բրոնզե մեդալակիր «Բանանցը»

ՀՖՖ տեխնիկական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ավարտված ֆուտբոլային մրցաշրջանի մրցանակաբաշխությունը։ Հանրապետության չեմպիոն «Արարատ-Արմենիային» ոսկե մեդալներն  ու գավաթը հանձնեց ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Պարգևատրվեցին նաև փոխչեմպիոն «Փյունիկն» ու բրոնզե մեդալակիր «Բանանցը»։ 

Լավագույն ռմբարկուի մրցանակը բաժին հասավ «Լոռիի» հարձակվող Ջոնել Դեսիրեին  (17 գոլ)։

Առաջին խմբի չեմպիոն «Յունիոր Սևանին» շնորհվեցին չեմպիոնական փոքր գավաթը և ոսկե մեդալները։ Պարգևատրվեցին նաև ֆուտզալի Հայաստանի չեմպիոն «Լեոն», արծաթե մեդալակիր «Արմենիա Թրավելը», բրոնզե մրցանակակիր «Կումայրին»։

Ֆուտզալի լավագույն խաղացողի անհատական մրցանակը ստացավ «Լեոն» ներկայացնող Սարո Գալստյանը, լավագույն ռմբարկուի պարգևը՝ նրա թիմակից Գարեգին Մաշումյանը (42 գոլ)։