Որքանով հասկանու եմ` նախագահը վճռական մարդ չէ, ինչը նույնպես թուլացնում է նախագահի ինստիտուտը. Ստեփան Դանիելյան

Բնականաբար, ես ենթադրում եմ, որ գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին այս իրավիճակը ձեռնտու չէ

Իշխանությունը փորձում է կախվածության մեջ դնել Սահմանադրական դատարանի դատավորներին: Նման կարծիք Terta.am-ի հետ զրույցում հայտնեց քաղաքագետ Ստեփան Դանիելյանն` անդրադառնալով Սահմանադրական դատարանի դատավորի համար Վահե Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը, որի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Կարծում եմ՝ որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել Վահե Գրիգորյանի անաչառ իրավաբան և մասնագետ լինելու հանգամանքը»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք սա ուղղորդում չէ՞, Ստեփան Դանիելյանը նշեց, որ ինչ-որ առումով նման երևույթներ կան, սակայն ավելացրեց, որ Հայաստանում դատական համակարգը կայացած չէ, և այստեղ դատավորի անձից շատ բան կարող է կախված լինել: Նա օրինակ բերեց, որ ԱՄՆ-ում, երբ Գերագույն դատարանի դատավորների նշանակման համար պայքար էր գնում,  դրանից կախված էր իշխանության խնդիրը: «Բայց մյուս կողմից՝ պետք է հասկանանք, որ ԱՄՆ-նում, ի տարբերություն Հայաստանի, դատական համակարգը կայացած է և ցանկացած որոշում պետք է իր հստակ հիմնավորումները ունենա»,-ասաց նա:

Ստեփան Դանիելյանը նկատեց՝ ներկայումս դատավորները հիմնականում նախկին իշխանության ժամանակ են նշանակվել, իսկ իշխանափոխությունից հետո նրանց անկախության աստիճանն ավելի է բարձրացել, քանի որ իրենք պարտավորված չեն իրենց նշանակողների նկատմամբ: Ըստ նրա` այս առումով շատ հետաքրքիր վիճակ է ստեղծվել Հայաստանում, երբ դատական համակարգն ավելի անկախ է, քան մինչև իշխանափոխությունը:

«Բնականաբար, ես ենթադրում եմ, որ գործող իշխանությանը՝ Նիկոլ Փաշինյանին այս իրավիճակը ձեռնտու չէ: Ինքը փորձում է կախված դատական համակարգ ունենալ և դա շատ ակնհայտ երևում է: Հաշվի առնելով, որ այդ մարդու իրավագիտակցության աստիճանը, պետական մտածողությունը բավականին թույլ է, ինչը կարելի է եզրակացնել իր բառապաշարից, պետության ղեկավարին ոչ հարիր բառերից, իրավական դաշտը խախտող, սահմանադրական լիազորություններից անցնող, էթիկայից դուրս հայտարարություններից, նշենք, որ դա կարող է խնդիրներ առաջացնել, քանի որ հնարավոր է իր արժեքային համակարգի, իր ճաշակով մարդիկ դատարաններում հայտնվեն»,-ասաց նա:

Ստեփան Դանիելյանն ասաց, որ ընդհանրապես Հայաստանի կառավարման մոդել ունեցող երկրներում նախագահի դերը երկրորդական է լինում, սակայն երբ որ ճգնաժամային իրավիճակներ են լինում, նախագահը դառնում է վճռորոշ: «Ես կարծում եմ, որ դեռ այդ պահը չի եղել, որ նախագահը դառնա վճռորոշ դեմք, բայց մյուս կողմից, որքանով ես եմ հասկանում, նախագահը՝ որպես մարդ, վճռական չէ, կոնֆլիկտային մարդ չէ, որը նույնպես թուլացնում է նախագահի ինստիտուտը»,-ասաց նա: