Հայոց ցեղասպանության մասին Էրդողանի հայտարարությունը

ՆԱՏՕ-ի անդամն ընդդեմ Թուրքիայի

Նիդերլանդների խորհրդարանն նախօրեին ընդունել էր Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությունը դատապարտող բանաձևը: Այս մասին Twitter-ում գրել է Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Մաթո Հախվերդյանը:

Բանաձևը ներկայացրել է Քրիստոնեական միության խմբակցության անդամ, պատգամավոր Ջոել Վորդևինդը:

Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան պնդել էր, որ խորհրդարանը միջոցներ ձեռնարկի այդ անընդունելի արտահայտությունների կապակցությամբ։ Արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը բացասական կարծիք չէր հայտնել, և դրա ընդունումը թողել էր խորհրդարանի հայեցողությանը:

Նշենք, որ ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը նամակ էր հղել Պոլսո Հայոց Պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ Աթեշյանին, որտեղ հերթական անգամ Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությանը 1,5 միլիոն զոհերին համարել էր «Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում ծանր պայմաններում մահացած օսմանյան հայեր»:

Էրդողանը նաև հայտարարել էր, թե «հայ հրոսակախմբերի և նրանց աջակիցների տեղահանությունը, որոնք կոտորում էին մուսուլման ժողովրդին, այդ ժամանակ ընդունված ամենաողջամիտ որոշումն էր»։

2019թ. մայիսի 15-ին Նիդերլանդների խորհրդարանում տեղի ունեցած Թուրքիայի իրավիճակի մասին քննարկումների ժամանակ տարբեր խմբակցությունների պատգամավորներ դիմեցին արտգործնախարար Ստեֆ Բլոկին՝ կոչ անելով դատապարտել Թուրքիայի անթույլատրելի ժխտողական քաղաքականությունը։
Պաշտոնական Անկարան կոշտ է արձագանքել նախօրեին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևի ընդունմանը՝ այն որակելով անհիմն զրպարտանք:

Հոլանդացի օրենսդիրները, գրեթե միաձայն ընդունած բանաձևով, դատապարտել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից այս տարվա ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի մասին հնչեցրած հայտարարությունները՝ միաժամանակ պարտավորեցնելով հոլանդական կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։

Թուրքիայի ԱԳ նախարարությունը այս կապակցությամբ գրավոր հայտարարություն է արել՝ զգուշացնելով, որ «նմանօրինակ անհիմն, անիմաստ և անլուրջ քայլերը անհետևանք չեմ մնալու դրանք նախաձեռնողների համար»:

Թուրքական արտաքին գերատեսչության պնդմամբ, հոլանդացի օրենսդիրների որոշումը պոպուլիստական բնույթ ունի և ընտրողների ուշադրությունը շեղելու նպատակ է հետապնդում: ԱԳՆ-ն նաև ցավով արձանագրում է, որ Նիդերլանդների խորհրդարանի նախաձեռնությունը ի չիք է դարձնում թուրք-հոլանդական հարաբերությունների բարելավմանն ուղղված փոխադարձ ջանքներն ու դրանց տված արդյունքը և ակնհայտորեն բացասաբար կանդրադառնա երկկողմ հարաբերությունների վրա: