Պրոֆեսիոնալ թիմը թույլ չի տա, որ խճճվեմ. Արայիկ Հարությունյան

Բավականին լավ թիմ է հավաքված նախարարությունում, արդեն բոլոր նշանակումները կան

Միավորված նախարարության աշխատանքը վատ չի գնում, քանի որ նախարարության աշխատակազմերը նախորդ ամիսներին և հատկապես վերջին ամսվա ընթացքում բավական աշխատանք են կատարել բնականոն աշխատանք ապահովելու համար: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Անդրադառնալով խնդիրներին` նա նշեց, որ խնդիրները շատ են:

«Մշակույթի նախարարության ուղղությամբ. հուշարձանների խնդիրը կա, թատրոնների, մշակութային օջախների արդյունավետության խնդիրը կա, առհասարակ, մշակութային քաղաքականության տեսլականի հարց կա, որ դրվել է փոխնախարարների առաջ, և մենք առաջիկա 3 ամիսներին կմշակենք մշակույթի զարգացման նոր ռազմավարությունը և կգործենք ըստ դրա, սպորտի ոլորտում էլ հարցեր շատ կան՝ սպորտդպրոցների հարցն է, մասսայական սպորտի հարցն է և այլն»,- ասաց նախարարը:

Լրագրողի հարցին՝ չի՞ խճճվում արդյոք այս միավորման արդյունքում, նախարարը բացասական պատասխան տվեց.

«Բավականին լավ թիմ է հավաքված նախարարությունում, արդեն բոլոր նշանակումները կան, շուտով նաև մի քանի խորհրդականների նշանակումներ կլինեն և դուք էլ կհամոզվեք, որ այն պրոֆեսիոնալ թիմը, որ հավաքվել է այնտեղ, թույլ չի տա, որ նախարարը խճճվի»: