Գեղամ Մանուկյանն ու այլ ՀՅԴ–ականներ իրենց վրա են վերցնելու ՀԱԿ ակտիվիստին ծեծելու պատասխանատվությունը

Ոստիկանությունն այսքան օրերի ընթացքում չկարողացավ բացահայտել և ապահովել իմ անվտանգությունը

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական հաղորդումների տնօրեն, ՀՅԴ–ական Գեղամ Մանուկյանը պատրաստվում է իր վրա վերցնել ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանին ծեծի ենթարկելու պատասխանատվությունը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Մանուկյանը՝ նշելով, որ այս պահին գնում է ոստիկանության Կենտրոնի բաժին՝ կատարվածի մասին բացատրություն տալու։

Մանուկյանի օրինակով այլ դաշնակցականներ ևս պատրաստվում են գնալ ոստիկանություն և հայտնել, որ իրենք են ծեծի ենթարկել ակտիվիստին։

 Facebook սոցիալական ցանցում դաշնակցականները  տարածում են հետևայալ գրառումը.

«Հայտնում եմ, որ երեկ հայտարարություն արած, բերանը ամեն տեղ, այդ թվում սոցցանցերում շաղ տված, մեր ազգային արժեքները ստորացնող, Արցախն ու հոգեւոր արժեքները հայհոյող, մանուկների աչքի առաջ պապու վրա հարձակվող ոմն Վարդան Հարությունյանին ես եմ ծեծել։ Մեկն եմ նրանցից, որ դաստիարակչական ապտակ կտայի...»։

Նշենք, որ ՀԱԿ ակտիվիստ Վարդան Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում էր արել, որ աշխատավայրի մոտ իրեն ծեծի են ենթարկել, մինչ այդ էլ, մի քանի օր առաջ ծեծել են տան մոտ: Նա նաեւ լուսանկար էր հրապարակել բռնության հետքերով:

«Ոստիկանությունն այսքան օրերի ընթացքում չկարողացավ բացահայտել և ապահովել իմ անվտանգությունը։ Ուստի ես ստիպված եմ ինքնադատաստան տեսնելու սեփական անվտանգությունս ապահովելու համար։ ՀՀ ոստիկանություն, դուք այլևս գոյություն չունեք»,-գրել էր նա:

Ավելի վաղ, ոստիկանությունը հաղորդել էր, որ Վարդան Հարությունյանի հետ կապված միջադեպով ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով:

Հունիսի 3-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել ֆեյսբուքյան օգտատեր Վարդան Հարությունյանը և հայտնել, որ Տերյան փողոցի 3/Ա շենքի բակում իր վրա հարձակում է եղել։

Մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին Վ. Հարությունյանը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 13.30-ին, շենքի բակում անհայտ անձինք ձեռքերով հարվածներ են հասցրել իր դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածք: