Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղյակ է, որ սոցիալական ցանցերում քննարկվում է իր հաշմանդամ լինել-չլինելու հարցը, քանի որ հրապարակվում են նրա կանգնած նկարները։ Նա «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման ժամանակ նշեց, որ ինքը կարող էր նաև այս հարցին չանդրադառնալ, քանի որ շատ անձնական է, սակայն պատասխանում է խոսակցություններին վերջ դնելու համար։
Բաթոյանը նաև նկատեց, որ սոցիալական ցանցերի իր էջերում կան իր կանգնած նկարները, ինչը գաղտնիք չէ։
«Սայլակով ավելի հեշտ ու ապահով է տեղաշարժվել դրսում, ավելի ինքնուրույն լինել։ Հակառակ դեպքում անընդհատ ուղեկցության կարիք ունեմ, քանի որ քայլում եմ, հոգնում եմ ու օգնության կարիք ունեմ՝ հենվելու, ձեռքից բռնելու և այլն։ Հաշմանդամությունը չի նշանակում միայն սայլակ, և սայլակից օգտվելը չի նշանակում, որ մարդը չի կարողանում քայլել կամ կանգնել։ Բնականաբար, որևէ ձևացնելու խնդիր չկա, պարզապես պետք է քիչ տրվել մանիպուլյացիոն լուրերին»,- մանրամասնեց նա։
Նախարարն անդրադարձավ նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների կարգավորմամը.
«Կարծում եմ՝ կարևոր են հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման մեխանիզմի փոփոխությունն ու ներդրումը, որը հիմա վերջնական տեսքի է բերվել, և աշխատանքներ են իրականացվում նոր մոդելի ներդրման ուղղությամբ։ Նոր մոդելով հաշմանդամություն ունցեղ անձի կարիքը գնահատելուց հետո պետք է տրամադրվեն հստակ ծառայություններ, որոնք ուղղված են նրա սոցիալական ներառումն ապահովելու, իսկ այսօր սահմանափակ ծառայություններ են տրամադրում՝ թոշակ, պետպատվեր բուժում և այլն»,- շարունակեց Բաթոյանը։
Միևնույն ժամանակ նախարարը նկատեց, որ միայն իրենց նախարարության աշխատանքով չի կարելի ոլորտում շեշտակի արդյունքների հասնել, քանի որ աշխատանքը պետք է բաժանվի։ Նախարարը շեշտեց՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները միայն մեկ գերատեսչության պատասխանատվության տակ չպետք է լինեն, քանի որ դա բոլորի խնդիրն է։
«Օրինակ՝ յուրաքանչյուր գյուղապետ պետք է ինքը մտածի և հասկանա, թե ինչ է արել, որ տվյալ գյուղում ապրող քաղաքացիների սայլակները հարմարեցվեն ճանապարհներին»,- նշեց Զարուհի Բաթոյանը։
Վերջինս խոսեց նաև Աշխատանքային օրենսգրքի մասին և հայտարարեց, որ կատարվելու են փոփոխություններ, և այն համապատասխանեցվելու է միջազգային չափանիշներին:
«Աշխատանքի և առողջապահական տեսչական մարմինը ավելի շատ անդրադառնում է առողջապահական մասին: Մենք այս մասով այսօր որևէ այլ գործառույթ չունենք, քան քաղաքականություն մշակելը և խրախուսելը»,- tert.am-ին ասել է Զարուհի Բաթոյանը։
0Comments