Մեզ մոտ անչափահասներ չեն խաղում. Ալեն Սիմոնյանը ստում է. Գուդվին-ԲԵՏ»-ի աշխատակից

Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւ պատգամավոր Սիփան Փաշինյանը

Մեզ մոտ մինչեւ անձը հաստատող փաստաթուղթ ցույց չեն տալիս, որ ինքն իրավունք ունի խաղալու, մեր գրասենյակներում ոչ մեկ խաղադրույքներ չի վերցնում: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Գուդվին-ԲԵՏ» ընկերության աշխատակիցը:

«Ալեն Սիմոնյանը ստում է, մեզ մոտ անչափահասներ չեն խաղում, քանի որ «Գուդվին-ԲԵՏ»-ում վերահսկողությունը բարձր մակարդակի է: Իսկ իր ընդունած օրենքով, երեխան իր հայաթից ինչ-որ մեկին 18 տարեկանը լրացած, կխնդրի, կասի՝ կթողես քո պասպորտով գրանցվեմ: Էն էլ թույլ ա տալու, արդյունքում՝ գրանցվում ա անչափահասը չափահասի պասպորտով, սկսում ա խաղալ»,- ասաց աշխատակիցը եւ նշեց, որ համաձայն չի ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի այն խոսքին, թե խաղամոլությունն այդ տարբերակով վերանալու է:

Նշենք, որ այսօր՝ մայիսի 29-ին, առավոտից բուքմեյքերական ընկերությունների աշխատակիցները Հայաստանի ԱԺ դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակով օրինագծի, որը հավանության է արժանացել ԱԺ տնտեսական հանձնաժողովի կողմից եւ ուղարկվել ԱԺ քննարկմանը: Ցուցարարները փակել էին Բաղրամյան պողոտան եւ պահանջում էին հանդիպում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Մի քանի ժամ տեւած ակցիայից հետո, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջամտությամբ, ընկերության աշխատակիցներից կազմվեց 5 հոգանոց խումբ, եւ հանդիպում եղավ ՀՀ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հետ:

Հիշեցնենք, որ ԱԺ տնտեսական հանձնաժողովը հավանության է արժանացրել վիճակախաղերի կազմակերպման պայմանները խստացնելու մասին նախագծին, որը մշակվել է խաղամոլության դեմ պայքարի շրջանակում։ Նախագծով առաջարկվում է Երեւան քաղաքից հեռացնել բոլոր բուքմեյքերական գրասենյակները։ Նախագիծն ընդունելու պարագայում այն ուժի մեջ կմտնի 2020 թ․-ի նոյեմբերից:

Նախագծի համահեղինակներն են պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան» խմբակցություն), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը եւ պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը խմբակցություն»): Հեղինակների կարծիքով` օրինագծում փոփոխությունների ընդունումը կարեւոր քայլ է խաղամոլության դեմ պայքարի գործում: