Արցախի նախագահի «գլուխը ցխելու» կոչերը պատահական չէին

Թեև փաշինյանական թևը «տակից դուրս գալու» համար այլ տարբերակ չգտավ, քան պաշտոնապես տվյալ հավաքի կազմակերպիչներից հրաժարվելը, սակայն դա ընդհանուր պատկերը չի փոխում

«Իրավունքը» գրում է.«Կան խոսակցություններ, որ վերջին հայտնի նիկոլական հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանի միանգամայն թուրքաշունչ (մինչ այս նման հայտարարություններ լսել էինք միայն Ադրբեջանից և Թուրքիայից) բռնության կոչը՝ Արցախի նախագահ Բակո Սահակյանի «գլուխը քարերով ցխելու» մասին, թեև իշխանական վերնախավում դժգոհություն է առաջացրել, սակայն միայն քաղաքական տեսանկյունից: Այ­սինքն, որ քաղաքականապես սխալ էր հրապարակավ ինքնադիմակազերծող նման հայտարարություններ անել, թեև բոլորն էլ հասկանում են, որ սույն «հերոսը» պարզապես արտահայտեց այն, ինչը նույն շրջանակների գաղափարախոսության բաղադրիչներից է:

Թեև փաշինյանական թևը «տակից դուրս գալու» հա­մար այլ տարբերակ չգտավ, քան պաշտոնապես տվյալ հավաքի կազմակերպիչներից հրաժարվելը, սակայն դա ընդհանուր պատկերը չի փոխում: Այն է, անգամ ադրբեջանա­կան աղբյուրներն են հրճվանքով խոսում այն հակասությունների մա­սին, որը կա ՀՀ-ի և ԱՀ-ի իշխանա­կան վերնախավերի մեջ:

Ու ահա այս ֆոնին էլ, մեր մեկ այլ աղբյուր նաև նման տեղեկություն փոխանցեց, նիկոլականների հանրահավաքում ԱՀ նախագահի հաս­ցեին նման թշնամական մտքեր հնչեցնելն ամենևին էլ պատահա­կան չէր: Արցախյան իշխանություն­ների հանդեպ թշնամանքի հետևողականորեն սրումը, ըստ աղբյուրի, հայտնի արևմտյան խամաճիկների քաղաքական հաշվարկների բաղ­կացուցիչն է: Կհաջողվի՞ այդ ընդհանրական ծրագրի արդյունքում Արցախում «հեղափոխական» իշխանափոխության հասնել ու այնտեղ էլ տեղավորել դրածոներին, շատ լավ: Չի՞ հաջողվի, առնվազն անկայուն իրավիճակ Արցախում կստեղծվի:

Ընդ որում, արդեն անգամ կարևոր չէ, թե Փաշինյանն ընդգրկվա՞ծ է Արցախն ապակայունացնելու այդ գործընթացում, թե ոչ. նրա անունից հրավիրված հանրավաքում նման հայտարարություններն ընկալվում են որպես հենց Փաշինյանից եկող ազդակ: Այսինքն՝ Փաշինյանը հա­կառակն ապացուցելու համար պետք է անմիջապես կալանքի տակ առներ ԱՀ նախագահի նկատմամբ հաշվեհարդարի սպառնալիքներ հնչեցնողին և այդ կերպ Արցախի հետ հարաբերություններն աննա­խադեպ սրեցում առաջացնողին, ինչպես որ պարտավոր էր նույն մո­տեցումը ձեռնարկել ԱՀ Անվտան­գության խորհրդի նախագահի հան­դեպ օրերս ոչ պակաս պրովոկացիոն գործողություն նախաձեռնողի հանդեպ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: