Նա ժամանակակից եգիպտացի քաղաքական գործիչներից ամենահետաքրքիրն է, իսկ ինտելեկտուալ տեսակետից մի գլուխ բարձր է իր մրցակիցներից: Այսպես է Նուբար Նուբարյանի՝ Եգիպտոսի ժամանակակից պատմության մեջ առանցքային դերակատարում ունեցած պետական գործչի մասին գրել նրա ժամանակակիցը՝ Եգիպտոսի բրիտանացի գեներալ- ռևիզորը:
Նուբար Նուբարյանը ծնվել է 1825թ. Սմիրնա քաղաքում (ներկայիս Թուրքիայի Իզմիր քաղաք): Եգիպտացի քաղաքական գործչի հայրը եղել է հայտնի զորավար Նուբարի ժառանգը, որը ուղեկցել է Դավիթ Բեկին: Նրա մայրը եղել է Եգիպտոսի տիրակալ Մուհամմեդ Ալիի անձնական քարտուղար Պողոս-բեյ Յուսուֆյանի հարազատ քույրը:
Հենց քեռու շնորհիվ է Նուբարն ստացել փայլուն կրթություն Շվեյցարիայի և Ֆրանսիայի հեղինակավոր ուսումնական հաստատություններում, իսկ Եգիպտոս վերադառնալով 1845թ. նշանակվել է Եգիպտոսի փոխարքա Աբաս փաշայի անձնական քարտուղար:
1850-ականներին արդեն նոր փոխարքան՝ Իսմայիլ փաշան, Նուբար Նուբարյանին ուղարկում է Կոստանդնուպոլիս, որտեղ նա կարողանում է համոզել թուրք սուլթանին սկսել Սուեզի ջրանցքի շինարարությունը:
Դրա համար նա Իսմայիլ փաշայի կողմից ստանում է «փաշա» բարձրագույն տիտղոսն ու նշանակում Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար:
Սուեզի ջրանցքի բոլոր՝ 11 տարիներն անցել են Նուբար փաշայի վերահսկողության ներքո: Նրա կարիերայի գագաթնակետը դարձավ Եգիպտոսի վարչապետի պաշտոնում նշանակվելը:
Եգիպտոսի այսպես կոչված «եվրոպական կաբինետը» գլխավորելով, որտեղ առանցքային նախարարական պաշտոններն զբաղեցրել էին բրիտանացիներն ու ֆրանսիացիները, նա աշխատել է 2 տարի ու հրաժարական ներկայացրել 1879-ին:
Նուբար փաշան ևս երկու անգամ գլխավորել է Եգիպտոսի նախարարների կաբինետը (1884-1888թթ. ու 1894-1895թթ.)՝ այդ ընթացքում դնելով ժամանակակից եգիպտական պետականության հիմքերը:
Նուբար փաշան մահացել է1899թ. Փարիզում՝ թողնելով 100 միլիոն ֆրանկ կարողություն:
Նրա արձանը տեղադրված է Ալեքսանդրիայի Ազգային օպերային թատրոնի հարևանությամբ:
Ապրելով ու աշխատելով Եգիպտոսում՝ նա առանձնակի ուշադրություն է դարձրել հայ համայնքի խնդիրներին՝ զբաղվելով Օսմանյան կայսրությունում հայերի խնդիրներով:
Հայերին օգնելու գործը շարունակել է Նուբար փաշայի որդին՝ հայտնի բարերար, Հայկական բարեգործական միության առաջին նախագահ (TheArmenian General Benevolen tUnion/AGBU), Եգիպտոսի, Ֆրանսիայի, Բելգիայի պետական բազմաթիվ մրցանակների դափնեկիր Պողոս Նուբար փաշան:
0Comments