Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով, ի դեպ, բավականին պասիվ է սոցցանցերում եւ հրապարակային ելույթներում, բավականին ակտիվ է կառավարությունում։ Նա վերջին շրջանում ակտիվ հանդիպումներ է կազմակերպում տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ՝ ֆորմալ քննարկելով ոլորտային խնդիրներ։ Ընդ որում, հանդիպումներին մասնակցում են նաեւ նախկին պաշտոնյաներ, որոնք ղեկավարել են ոլորտը, տեղյակ են խնդիրներից։ Մեզ ասացին՝ ոլորտներում լավ «մենեջերի համարում ունեցող» մարդիկ են հրավիրվում։ Առհասարակ, Ավինյանը կարծես սկսել է իր շուրջը համախմբել այն անձանց, որոնք Փաշինյանի գալուց հետո տարբեր պատճառներով զրկվել են պաշտոնից, դժգոհ են, ժողովրդական լեզվով ասած՝ «աբիժնիկ» են։ Մի մասին տեղավորում է աշխատանքի, մյուսների հետ փորձում համագործակցության եզրեր գտնել։
Օրինակ՝ արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Քրմոյանին, ում Փաշինյանը հեռացրեց ընդամենը արձակուրդ գնալու համար, նշանակեց իր խորհրդական։ Ինչեւէ, այս քննարկումներն ու հանդիպումները, բացի զուտ աշխատանքային բնույթ կրելուց, նաեւ որոշակի նրբերանգներ են իրենց մեջ պարունակում։ Մասնավորապես, մեզ ասացին, որ հանդիպումներից մեկի ժամանակ Ավինյանը մոտավորապես այսպիսի մի միտք է արտահայտել, որ «առաջիկայում լուրջ փոփոխություններ են սպասվում, եւ մենք ուզում ենք մոբիլիզացնել ձեր ուժերը, որ պատրաստ լինենք այդ փոփոխություններին»։ Քննարկման մասնակիցները լավ չեն հասկացել, թե ինչ նկատի ունի փոխվարչապետը՝ խոսքը իշխանության փոփոխությա՞ն մասին է, իշխանության ներսո՞ւմ փոփոխության, թե՞ ոլորտային բարեփոխումների։
Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը մեզ հետ զրույցում մի փոքր զարմացավ մեր հարցերից, բայց, այնուամենայնիվ, հաստատեց, որ նման հանդիպումներ պարբերաբար կազմակերպվում են փոխվարչապետի կողմից։ «Այո, միշտ լինում են էդպիսի հանդիպումներ, բայց ինչ-որ հատուկ բանի համար՝ չէ։ Բայց, այո, ունենում ենք հանդիպումներ տարբեր օրենքների շուրջ, կոնկրետ ոլորտի, հարցի հետ կապված»,- ասաց պարոն Սիսեռյանը։ Վերջին հանդիպումը, օրինակ, եղել է ատոմակայանի հետ կապված, «հյուսիս-հարավի» հետ կապված քննարկումներ են միշտ լինում, որ հասկանան խնդիրները։ Թե ովքեր են մասնակցում այդ հանդիպումներին, եւ արդյոք նախկին պաշտոնյաներ մասնակցո՞ւմ են, Սիսեռյանն ասաց․ «Ես հիմա չեմ հիշում, բայց ես իմ կարծիքն եմ ասում, որ եթե ինչ-որ բան կա, որ անպայման պետք է ինֆորմացիա ստանանք նախկին պաշտոնյաներից, ես էստեղ խնդիր չեմ տեսնում։ Եթե հարցին լուծում պիտի գտնվի, օրինակ, կամ այդ հարցին տիրապետում է այսինչ կամ այնինչ անձը, որ տասը տարի ինքն է զբաղվել, օրինակ եմ ասում, ապա կարող է եւ ինքը մասնակցել»։
Իսկ վաչապետի՞ հանձնարարությամբ են տեղի ունենում այդ հանդիպումները, թե՞ Ավինյանն ինքն է սեփական նախաձեռնությամբ կազմակերպում, Ավինյանի գրասենյակի ղեկավարն ասաց․ «Երկու տարբերակով էլ լինում է։ Բայց որ Ավինյանն է նախաձեռնում, նախաձեռնելու բան չկա, մեզ հստակ ոլորտներ կան բաժանված, ու եթե մենք պատասխանատու ենք տրանսպորտի ոլորտի, ճանապարհաշինության համար, մենք հստակ արդեն ունենք ընթացիկ բաներ։ Այդ ընթացիկ մեր կուրացիան անելու ժամանակ երբ տեսնում ենք, որ պետք է ինչ-որ խորհրդակցություն կազմակերպենք Ավինյանի մոտ, կազմակերպում ենք, կանչում, անցկացնում ենք։ Ամեն դեպքում, ծածուկ որեւէ հանդիպում չենք ունենում կամ ինչ-որ տարօրինակ մարդկանց հետ հանդիպումներ»։
0Comments