Մեր հետևից զենքերով պտտվում են, հո մենք տեռորիստ չե՞նք

Ստամբուլից Հայաստան ժամանած առևտրականներին մի քանի օր է՝ պահում են Բագրատաշենի մաքսակետում

 

«Մեր հետևից զենքերով պտտվում են, հո մենք տեռորիստ չե՞նք». Ստամբուլից Հայաստան ժամանած առևտրականներին մի քանի օր է՝ պահում են Բագրատաշենի մաքսակետում

Բագրատաշենի մաքսատանը կրկին խնդիր է առաջացել: Ստամբուլից Հայաստան վերադարձած առևտրականներն ահազանգում են՝ իրենց անօրինական կերպով մի քանի օր է՝ պահում են Բագրատաշենի մաքսակետում:

«Հերթական անգամ ապրանք ենք բերել, ուղեբեռը ստուգվել է, կշռել են, մաքսազերծել: Հիմա դուրս ենք եկել, ինչ-որ մի տղամարդ եկավ՝ առանց վկայական ցույց տալու, պարզապես ասաց՝ Ազգային անվտանգությունից եմ, մեքենան հետ քշեք: Ու քանի օր է՝ այստեղ ենք: Մեկ ուզում են ուղեբեռը դատարկեն, մեկ ուզում են՝ ստուգեն, մեկ ուզում են՝ կշռեն: Մենք չենք հասկանում իրենց պահանջները, մեզ էլ լսող չկա:

25 կիլոգրամից ավելին մաքսազերծված է, թղթերը կան: Անցակետը նորմալ անցել ենք, մեզ նորից հետ են ուղարկել, ավտոբուսը պլոմբել են, անգամ չէին թողնում, որ մեկ բաժակ ջուր վերցնեինք: Մի խոսքով, այստեղ շունը տիրոջը չի ճանաչում: Շաբաթ օրվանից մենք այստեղ ենք ու դեռ չգիտենք, թե ինչքան ենք մնալու: Մի ավտոբուս ժողովուրդ է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց առևտրականներից մեկը:

«Կռիվն իրենց մեջ է, մեզ էլ պատանդ են պահել, ոչ մի բացատրություն չեն տալիս: Մարդ կա՝ հոգեկան շեղում է արդեն մոտը սկսվել, պարանը փաթաթել վզին՝ նստել է: Քանի օր է՝ սոված ենք, այստեղ սուրճ ու հյութ ենք կարողանում միայն խմել: Մեծ մասը նաև կանայք ենք: Մեր հետևից զենքերով պտտվում են, հո մենք տեռորիստ չե՞նք: Չենք հասկանում, թե ի՞նչ է կատարվում: Խնդիրն իրենց մեջ է, ինչ-որ կոռուպցիա է եղել, կաշառք են վերցրել, բայց մենք ենք տուժում: Ախր, մենք ի՞նչ կապ ունենք»,- հավելեց մյուս առևտրականը:

Փորձեցինք կապ հաստատել ԱԱԾ-ի հետ՝ հասկանալու, թե ո՞րն է խնդիրը, բայց այս պահին դեռևս չի հաջողվել: