Վարչապետն իր կոչերով օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ. Հայկ Ալումյան

Ոստիկանությունը չէր կարող միջամտել, քանի որ դա արվում էր Վարչապետի կողմից

Իր կոչերով պարոն վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Գաղտնիք չէ, որ պարոն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու գործով գանգատներ ենք ներկայացրել Եվրոպական դատարան: Գանգատներում զգալի չափով անդրադարձ կա դատարանների նկատմամբ ճնշումների հարցին, բերված են բազմաթիվ հիմնավորումներ այդպիսի ճնշման գոյության մասին:

Ի թիվս այլնի, գանգատում բերել էի այն օրինակը, որ Վարչապետը իշխանության մյուս ճյուղի՝ ԱԺ-ի նկատմամբ ճնշում գործադրելու նպատակով պաշարել էր ԱԺ շենքը, իսկ ոստիկանությունը, որը կոչված է բացառել նման վարքագիծը, չէր կարող միջամտել, քանի որ դա արվում էր Վարչապետի կողմից: Զուգահեռներ էի անցկացրել և նշել էի, որ պարոն Քոչարյանի գործը քննող ցանկացած դատավոր կարող է մտավախություն ունենալ, որ իր որոշումը Վարչապետին դուր չգալու դեպքում վերջինս կարող է իր կողմնակիցներին կոչ անել նույնպիսի գրոհ կազմակերպել դատարանի վրա: 

Ինչո՞ւ եմ սա հիմա հիշել: Որպեսզի ասեմ, որ իր 19.05.2019 թվականի կոչերով պարոն Վարչապետը օգնեց հիմնավորել մեր գանգատի այդքան կարևոր մի դրույթ, ուղղակիորեն անելով այն, ինչը ես, որպես ամենաբացասական կանխատեսուոմ, ներկայացրել էի Եվրոպական դատարանին»: