Եթե որեւէ մեկը մտածում է, թե նախարարը պակաս ենթակա է վարչապետին, քան վարչապետին ենթակա մարմնի ղեկավարը, ինքը սխալվում է: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր մեծ ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադռանալով դիտարկմանը, որ ինքը մեկ տարի առաջ խոստացել էր, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ:
Հարցին, թե ինչո՞ւ էր այն ժամանակ նպատակահարմար ԱԱԾ-ն ու ոստիկանությունը դարձնել նախարարություններ, իսկ հիմա ոչ, ինչու է վարչապետը դեմ իր լիազորությունների կրճատմանը, Փաշինյանը պատասխանեց. «Հետո ասում են քննադատություն չեք սլում: Այս դեպքում առաջացել է մտահոգություն, որ եթե ԱԱԾ տնօրենին պաշտոնը լինի քաղաքական, քաղաքական կարգավիճակ ունենա, այսինքն հնարավոր լինի այդ պաշտոնում նշանակել քաղաքական գործիչ, մենք կունենանք նոր Սերժ Սարգսյանի էֆեկտ: Այդ էֆեկտը ո՞րն է. երբ մարդը ոչ թե պրոֆեսիոնալ զինվորական է, այլ քաղաքական գործիչ է, որն ունի քաղաքական նպատակներ: Իսկ երբ ունի քաղաքական նպատակներ, ԱԱԾ-ի նաեւ ոստիկանության, որովհետեւ Սերժ Սարգսյանը եղել է նաեւ ոստիկանության ղեկավար, այդ լծակներն օգտագործում է սեփական քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու համար: Քաղաքական դաշտում կան դիրքորոշումներ, որ մենք չենք ուզում, որ քաղաքական գործիչը, մեր մրցակիցներից որեւէ մեկը լինի քաղաքական գործիչ, միաժամանակ ԱԱԾ տնօրեն: Սա շատ պարզ փաստարկ է»:
Նա նկատեց, որ այսօրվա օրենսդրությամբ ԱԱԾ տնօրենը չի կարող զբաղվել քաղաքականությամբ. «Հիմա ուզո՞ւմ եք սա փոխել, թե ոչ: Այսպիսի փաստարկ է ի հայտ եկել: Օրինակ, ես ասել եմ, որ բոլոր ՊՈԱԿ-ները պետք է լուծարվեն, բայց նաեւ ասել եմ, որ եթե քննարկման փուլում ի հայտ է գալիս փաստարկ, որը մենք նախորդ փուլում հաշվի չէինք առել, մենք դա պետք է հաշվի առնենք ու քննարկենք:
Ընտրությունը հետեւյալն է. կամ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ղեկավարում են ոլորտի պրոֆեսիոնալներ, որոնց առաջ դնում ենք նախապայման, որ քաղաքականությամբ չպետք է զբաղվեն, կամ դա դարձնում ենք քաղաքական պաշտոն եւ նշանակում քաղաքական գործիչ: Հիմա մարդիկ ասում են՝ եղբայր, մենք այդ պատմությունը մի անգամ տեսել ենք: Հիմա ինձ ասում են՝ լավ, ասել, ասել ես, բայց այս փաստարկը չեք լսո՞ւմ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Ես ընդհանրապես պրոբլեմ չունեմ, ուզում եք, ԱԱԾ-ն դարձնենք նախարարություն, դարձնենք քաղաքապետարան, ես խնդիր չունեմ»:
Նա ընդգծեց, որ եթե խնդիրն այն է, որ ԱԱԾ-ն վերահսկվի խորհրդարանի կողմից, ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկվարը հայտարարել է, որ եկեք անենք սահմանադրական փոփոխություններ եւ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ներկա լինեն եւ հարցերին պատասխանեն ԱԱԾ տնօրենը, ՊԵԿ նախագահը, ոստիկանապետը, ով ուզում եք:
0Comments