Եթե կամք կա Ծառուկյանին մանդատից զրկելու պրոցես սկսելու, թող ցույց տան, որ կա. Մարուքյան

Մանդատից զրկելու համար գոյություն ունի ընթացակարգ

Եթե խոսքը Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու մասին է, ապա էթիկայի հանձնաժողովը մանդատից զրկող մարմին չէ: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորի մանդատից զրկելու «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումին՝ ուղղված ԱԺ նախագահին եւ գլխավոր դատռախազին:

Մարուքյանի խոսքով, մանդատից զրկելու համար գոյություն ունի ընթացակարգ. «ԱԺ խորհուրդը կամ առնվազն 27 պատգամավորներ պետք է դիմեն ՍԴ, եզրակացություն ստանան, որ ԱԺ-ն այդ եզրակացության հիման վրա մանդատից զրկի կամ չզրկի:

Հետեւաբար, էթիկայի հանձնաժողով ստեղծելը անիմաստ ժամավաճառության մասին խոսակցություններ են: Եթե կամք կա նման քաղաքական պրոցես սկսելու, թող ցույց տան, որ կա: Իսկ եթե կամք չկա, ես կարծում եմ՝ թեման անիմաստ շահարկվում է»,-ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության  ղեկավարը:

Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու հիմքերն ուսումնասիրելու ու այդ ուղղությամբ գործընթաց սկսելու խնդրանքով գլխավոր դատախազին եւ ԱԺ նախագահին դիմել էր արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցությունը: Նրանք կարծում են, որ ԱԺ նիստում ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու կառավարության նախագծի քննարկումներին «Արարատցեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի եւ ԲՀԿ խմբակցության մասնակցությամբ խախտվել է Սահմանադրությունը եւ այլ օրենքներ: