Մենք այս տարի շանս ունենք գյուղացիներին պատշաճ ոռոգման ջրով ապահովելու

Եթե կլիմայի գլոբալ փոփոխությունները Հայաստանում այնպես արտահայտվեն, ինչպես այս տարի են արտահայտվել, կարող ենք ասել, որ մեր բախտը բերում է. Նիկոլ Փաշինյան

Ես ասել եմ, որ ապրիլի 1-ից մինչեւ հուլիսի 1-ը Սեւանի մակարդակը կբարձրանա 49 սմ-ով եւ այդպես է լինելու. երկու օրը մեկ մեկ սմ-ով բարձրանալու պրոցեսը կսկսվի արդեն հիմա: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Սեւանի շրջակայքում դեռ ցուրտ է, դեռ հալոցքը չկա, երբ լինի, ջուրը կբարձրանա:

Մյուս ջրամբարներում բոլորում վիճակը լավ է»,-ասաց նա՝ հավելելով, որ նախորդ տարի, օրինակ, այս սեզոնին անգամ ջուր է բաց թողնվել Սեւանից:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին նշեց. «Մենք այս տարի շանս ունենք գյուղացիներին պատշաճ ոռոգման ջրով ապահովելու համար եւ հույս ունեմ, որ այդ շանսը կօգտագործենք: Եթե կլիմայի գլոբալ փոփոխությունները Հայաստանում այնպես արտահայտվեն, ինչպես այս տարի են արտահայտվել, կարող ենք ասել, որ մեր բախտը բերում է»:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը այլ կարծիքի էր. «Հետազոտություններ, կանխատեսումներ կան մինչեւ 2030, 2070 եւ 2100 թվականների համա: Տարբեր սցենարներով նախնական 2030-ին մոտ 11 տոկոսով նվազում է գետային հոսքը, սակայն կան նաեւ հետազոտություններ, որ մայիսից-հոկտեմբեր կնվազեն տեղումների քանակը: Մյուս կողմից կապված կասպից ծովից գոլորշիացման ավելացման հետ, հնարավոր են հեղեղումներ եւ մեծ տեղումներ ոռոգման սեզոնից դուրս: Դրա համար առավել քան արդիական է ջրամբարաշինությունը:

Արդեն այսօրվա դրությամբ, 1,23 աստիճանով արդեն ունենք ջերմաստիճանի բարձրացում»,-ասաց նախարարը: