Գեւորգ Պապոյանը հեռացվել է կուսակցության կարգապահությունը խախտելու համար. ՀՀԿ

Հպարտությամբ եմ ասում, որ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ բոլորը մտնում էին ՀՀԿ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խնբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը Հայաստանի հանրապետական կուսակցությանը անդամագրվել է 2005  թվականին եւ կուսակցությունից հեռացվել է 2018 թվականին։

«ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության որոշման համաձայն՝  2018 թվականի հուլիսի 3-ին հեռացվել է կուսակցությունից՝ կուսակցական աշխատանքներին չմասնակցելու եւ կուսակցության կարգապահությունը խախտելու համար»,–հայտնեցին ՀՀԿ–ից։

ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպությունից մանրամասնեցին, որ կուսակցության կարգապահությունը խախտելու տակ նկատի է առնվել առանց ՀՀԿ–ի համաձայնության այլ կուսակցությունների հետ համագործակցությունը։

ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության համակարգող Շուշանիկ Շուխյանը շեշտեց, որ ՀՀԿ–ի գրասենյակում Գեւորգ Պապոյանին չի տեսել, իրեն չի ճանաչում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Գեւորգ Պապոյանը հայտնել էր, որ մի կարճ ժամանակ` մասնավորապես մինչեւ 2007թ. հոկտեմբեր ամիսը, ֆիկտիվ կերպով անդամակցել է ՀՀԿ-ին. «Հպարտությամբ եմ ասում, որ ես ՀՀԿ-ից դուրս եմ եկել այն ժամանակ, երբ բոլորը մտնում էին ՀՀԿ, չեմ էլ թաքցնում, որ մինչեւ 2012թ․ համակրել եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարները»: