Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների սահմաններն Աֆղանստանի հետ հարկ է համատեղ վերահսկել անօդաչու թռչող սարքերի եւ այլ նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ՝ զինյալների ներթափանցումից պաշտպանվելու համար, ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Ղրղզստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռայիմբերդի Դույշենբիեւի հետ հանդիպմանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Պետք է հասկանալ, որ այստեղ մեզ պետք են ընդհանուր ջանքեր՝ արդի տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնցից են նաեւ անօդաչու թռչող սարքերը, սահմանը հսկելու, ավազակախմբերի տեղաշարժը հսկելու համար»,- ասել է Շոյգուն՝ ընդգծելով, որ ՀԱՊԿ երկրների սահմանին «շարունակում է աճել ահաբեկչական սպառնալիքը, հիմնականում այն զինյալների հաշվին, որոնք ստիպված են գալ Սիրիայից, Իրաքից, որոնք իրենց համար տեղ են գտնում այլ տարածքներում»։
«Եվ առաջին հերթին դա Աֆղանստանն է։ Մանավանդ նրա հյուսիսային եւ արեւելյան սահմանները»,- ասել է ՌԴ պաշտպանության նախարարը՝ նշելով Ղրղզստանում տեղակայված ռուսական «Կանտ» ռազմակայանի նշանակությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում։
«Կցանկանայի մեկ անգամ եւս հաստատել մեր ընդհանուր տրամադրվածությունը իսկապես հզոր պատնեշ ստեղծելու համար միջազգային ահաբեկչության դեմ։ Մենք այստեղ լուծում ենք բազմապլան խնդիրներ»,- ասել է Շոյգուն՝ նշելով, որ ահաբեկչական սպառնալիքին դիմակայելու համար հարկավոր է լիովին գործադրել ռուսական «Կանտ» ռազմաբազայի ներուժը։
«Երեկ մենք գործընկերների հետ հնարավորություն ունեցանք ոչ թե պարզապես ծանոթանալ տեխնիկայի հանձնմանը, այլ հետեւել, թե ինչ հնարավորություններ ունեն մեր ռազմակայանները։ Այս ամենը կարող է եւ պետք է օգտագործվի Ղրղզստանի անվտանգության ապահովման, ասել է թե՝ ՀԱՊԿ երկրների սահմանների ապահովման համար»,- ասել է Շոյգուն։
0Comments