Սպանության փորձ՝ 19-ամյա երիտասարդի նկատմամբ

Գործը դատարանում է

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է սպանության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդին:

Դեպքը տեղի է ունեցել 2018թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում: Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1995 թվականին, լարված հարաբերությունների մեջ գտնվելով 1999թ. ծնված երիտասարդի հետ, ատրճանակի 8 կրակոց է արձակել վերջինիս ուղղությամբ՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցված քրեական գործով իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել
են սպանության փորձի հանգամանքները, դեպքի վայրը, շարժառիթը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 24-ամյա երիտասարդը լարված հարաբերությունների մեջ է գտնվել տուժող 19- ամյա երիտասարդի, վերջինիս եղբոր և ընկերների հետ՝ նախկինում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանությունների հետևանքով:

Պարզվել է, որ 2018թ. օգոստոս ամսին՝ վիճաբանության ժամանակ, 24- ամյա երիտասարդը դանակով հարվածել է եղբայրներից մեկին, իսկ որոշ ժամանակ անց վերջինս դանակով և զենքով վնասվածքներ է պատճառել նրա ընկերոջը: Արդյունքում՝ ձևավորվել են լարված հարաբերություններ, որից հետո 24-ամյա երիտասարդը, մտածելով, որ իրեն վտանգ է սպառնում, և ցանկացած ժամանակ իր հետ կարող են հաշվեհարդար տեսնել, ապօրինի ձեռք է բերել 9մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակ և 2018թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, թվով 8 կրակոց արձակել 19-ամյա երիտասարդի ուղղությամբ հենց նրա շենքի բակում:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 1995թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: