«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի առաջարկն անընդունելի է համարում։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մակունցի ասած օրենքն ընդունելու համար նախ Սահմանադրություն պետք է փոխվի, ինչը շատ երկար գործընթաց է։
Հիշեցնենք, որ Լիլիթ Մակունցն առաջարկել էր, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները միանան իրենց և համատեղ մշակեն օրենքի նախագիծ, որով կկարողանան ոստիկանության պետին ու ԱԱԾ տնօրենին կառավարության անդամների հետ հարցուպատասխանի հրավիրել Ազգային ժողով:
«Տիկին Մակունցի առաջարկն անիրագործելի է, որովհետև նա ասում է՝ օրենք գրենք, բայց Սահմանադրությունն Ազգային ժողովի լիազորությունները հստակ սահմանել է: Հնարավոր չէ գրել օրենքներ և Ազգային ժողովին նոր լիազորություններ տալ։ Հիշո՞ւմ եք, որ մի բան էինք առաջարկում, ասում էինք՝ եկեք հանձնաժողով ստեղծենք, քննարկենք: Այդ առաջարկությունը, գաղափարը թաղելու, երկար ժամանակով հետ գցելու և ականջի հետև գցելու առաջարկություն է: Մեկ տարի անցել է, հիմա մենք այս հարցը պետք է լուծեինք, մեկ տարի անցել է, չենք լուծում, ասում ենք՝ չգիտեմ, թե երբ չգիտեմ, թե ինչ կանենք»,- ասաց նա։
Մարուքյանի գնահատմամբ՝ իշխանությունն իրենց նախկին մի քանի առաջարկներն ընդունում է՝ փորձելով շղարշ ստեղծել, թե X, Y առաջարկներն ընդունում է, բայց հիմնականները չենք անում, որովհետև չի լինում։
«Կամ ի՞նչ է նշանակում, որ եթե ԱԱԾ տնօրենը նախարար դառնա, վտանգավոր կլինի, Դուք Ձեր թիմակիցներին չե՞ք վստահում, կամ ի՞նչ է նշանակում, որ կքաղաքականացվի։ Հայաստանում այդ մարմինները եղել են քաղաքականացված այն ժամանակ, երբ խորհրդարանական ու հասարակության վերահսկաղություն չի եղել։ Ինչ վերաբերում է տեքստին, որ հրավիրեք ԱԺ, ու նրանք կգան, կպատասխանեն ձեր հարցերին, ասեմ, որ եղած փակ հանդիպումները չեն կարող համարվել խորհրդարանական վերահսկողություն։ Խորհրդարանական վերահսկողությունը պետք է ամրագրված լինի «ԱԺ կանոնակարգով» ու օրենսդրությամբ, քանի որ կարող ես հրավիրել և մի օր կգան, մի օր՝ ոչ, այսինքն՝ բարի կամքի վրա է, քանի որ օրենք չկա»,- նշեց Մարուքյանը։
Վերջինիս գնահատմամբ՝ այս իշխանությունները ժողովրդավարությունը փորձում են պահել էմոցիայի վրա։ Մարուքյանի խոսքով՝ իշխանությունն իր իսկ խոստումները չի կատարում։
0Comments