«Ֆիքսել ՀՀ վարչապետին և փորձել վիրավորել, ստորացնել, կներեք, ես դա թույլ չեմ տա»

Ալեն Սիմոնյանը՝ Արմեն Աշոտյանին

«Արմեն Աշոտյանը կարող է, ինչ բացահայտումներ ուզում է, անել։ Իմ հակամարտությունը և իր քաղաքական ճանապարհն արդեն շուտվանից ավարտված է, ուստի ես ցանկություն չունեմ որևէ ձևով վերակենդանացնել Արմեն Աշոտյան քաղաքական գործչին։ Ինչ վերաբերում է մնացածին՝ եթե կլինի անհարգալից վերաբերմունք իմ, իմ կուսակցության ղեկավարի, իմ երկրի ղեկավարի, իմ գործընկերների նկատմամբ, և նմանատիպ հայտարարություններ, որ իրեն պարոն Աշոտյանը թույլ է տվել, և մնացած գործընկերները թույլ են տալու, իրենք իրենց պատասխանը ստանալու են՝ անկախ նրանից, թե ինչ շանտաժների և փոքր ստոր բաների կփորձեն դիմել»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հայտարարությունը:

Ա.Աշոտյանի նշած դեպքի վերաբերյալ Ա.Սիմոնյանն ասաց. «Խոսքը գնում է այն մասին, երբ իրենց լավ իշխանության ժամանակահատվածում արհեստավարժ պատգամավորներից մեկը՝ Առաքել Մովսիսյանը, զանգահարել էր ինձ, ես պարոն Աշոտյանին խնդրել եմ, որ ինքը ճշտի՝ արդյոք ո՞վ է ուղղորդել պարոն Առաքել Մովսիսյանին և ո՞վ է տվել իմ համարը, և նա խոստացել էր ճշտել, բայց տենց էլ չճշտեց ու ինձ չասեց մեծ հաշվով։ Հիմա կարող է շահարկել, իր ուզած ձևով ներկայացնել, բայց ես այնուամենայնիվ համարում եմ, որ ճիշտ չի քաղաքական դաշտում մեկս մյուսի նկատմամբ վիրավորանք հնչեցնել»։

Դիտարկմանը, որ Աշոտյանի հայտարարությունը հաջորդել էր Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀԿ-ի մասին հնչեցրած վիրավորանքին, Սիմոնյանը պատասխանեց, որ, եթե Աշոտյանը քննադատեր իշխանության աշխատանքը, դա նորմալ կլիներ.

«Բայց ֆիքսել ՀՀ վարչապետին և փորձել վիրավորել, ստորացնել և որևէ ձևով բան, կներեք, ես դա թույլ չեմ տա, որովհետև պարոն Փաշինյանը իմ երկրի վարչապետն է, իմ քաղաքական առաջնորդն է»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և «Իմ քայլը» խմբակցության հանդիպմանը՝ Ա.Սիմոնյանը վստահեցրեց, որ այլ տոնայնությամբ խոսակցություն չի եղել, եղել է հարց ու պատասխան.

«Պարոն Փաշինյանը եկավ, ԱԺ պատգամավորները հարցեր տվեցին պարոն Փաշինյանին։ Պարոն Փաշինյանը պատասխանեց այդ հարցերին, և մենք ի մի բերեցինք ամեն ինչ, այդ հարցերի շրջանակում քննարկվել էր։ Կարծում եմ՝ այդ հանդիպումներն ավելի հաճախ կլինեն։ Ոչ մի վիրավորանք չի եղել, պատգամավորի հետ խոսակցություն չի եղել ընդհանրապես։

Անհատապես որևէ պատգամավոր չի քննարկվել։ Մենք չէինք հավաքվել, որ վարչապետն ասի՝ գո՞հ է, թե՞ գոհ չի։ Մենք հավաքվել էինք, որպեսզի ՀՀ վարչապետը հնչեցնի այն հարցերի պատասխանը, որը ՀՀ պատմության մեջ ամենամեծ խմբակցության մոտ ձևավորվել էին այս ժամանակահատվածում։ Ես վստահ եմ, որ այդ հանդիպումներն էլի են լինելու։ Եվ խնդրում եմ ձեզ, հարգելի՛ լրագրողներ, որպեսզի դուք չտրվեք տարբեր սադրանքների և մեկնաբանությունների, որ վարչապետը գալիս է, ձեռքը խփում է սեղանին, ասում է՝ այ, դու էն բանը ասեցիր, պետք ա տենց չասեիր կամ այլ։ Նման աշխատելաոճ կար նախորդ իշխանության պարագայում»։

Դիտարկմանը, որ նման աշխատաոճ եղավ ՊԵԿ-ի մաքսատանը, Սիմոնյանը հորդորեց չխառնել ՊԵԿ-ի աշխատակցի ու քաղաքական թիմի հարաբերությունները վարչապետի հետ։