Արարատյան-մաքսատուն վարչության թիվ 2 զննման բաժնի տեսուչ Հայկ Մարտիրոսյանը՝ երեկվա վարչապետի այցի «հերոսը», այս պահին դիմում է գրում դուրս գա աշխատանքից։ Այդ մասին Հրապարակի հետ զրույցում ասաց ինքը՝ Հայկ Մարտիրոսյանը։ Մինչդեռ մենք տեղեկություն ունեինք, որ Հայկն ասել է, որ չի պատրաստվում դիմում գրել։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել էր Արարատյան մաքսատուն-վարչություն, որը հայտնի է որպես Նորագավիթի ավտոմաքսատուն, որտեղ նրան զայրացրել էր սենյակներից մեկի անկյունում ընկած ՀՀ դրոշը։ Տեսնելով դա՝ վարչապետը զայրացել է այդ սենյակում գտնվող մաքսային ծառայողի վրա, որը Հայկ Մարտիրոսյանն էր ու հրահամայել․ «Աշխատավարձիդ կծախսես, դրոշը կդնես գլխավերեւում, հետո դիմումդ կգրես, կգնաս տուն, լսեցի՞ր: Ով աշխատել է այդ սենյակում, բոլորը հեռացվեն աշխատանքից, կզեկուցեք անձամբ ինձ»։
-Հայկ, մենք իմացանք, որ Դուք հրաժարվել եք դիմում գրել, ճի՞շտ է։
-Ես հեսա գնում եմ դիմում գրեմ, ինքնակամ դուրս գամ։
-Ինչո՞ւ որոշեցիք այդպես անել։
-Հիմա էնքան անհասկանալի վիճակ ա, որ ես ինքնակամ որոշել եմ դուրս գամ։
-Ինչ-որ ճնշո՞ւմ են գործադրել Ձեզ վրա, պարտադրե՞լ են, որ դիմում գրեք։
-Ոչ, ոչ, իմ վրա ոչ մեկ չի կարա ճնշում գործադրի։ Դա իմ որոշումն ա։
-Իսկ միայն Դո՞ւք եք դիմում գրելու դուրս գաք, թե՞ բաժնի այլ աշխատակիցներ ևս։
-Ճիշտն ասած՝ տեղյակ չեմ։
-Աշխատանքյաին օրենսգրքով վարչապետը կարող է պարտադրել մաքսային ծառայողին դիմում գրել դո՞ւրս գալ։
-Չէ, պարտադրանքի մասին չի։ Դիմում գրելը, ես ինքնակամ որոշել եմ դիմում գրել, խնդիրը դրա մեջ է։
-Ո՞րն է պատճառ, որ որոշեցիք դիմում գրել, որովհետև վարչապետ ասաց՝ դիմումդ կգրես, կգնաս, դրա՞ համար։
-Ճիշտն ասած՝ բերեք չպատասխանեմ, էլի, էդ հարցերին։ Հազար անգամ կներեք, բայց ես աշխատում եմ էս խառը պահին զերծ մնալ ինչ-որ մի բանից։ Ես ուղղակի ինքնակամ դուրս եմ գալիս, ոչ մի ճնշում չի եղել ու չի կարող լինել։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նյութի աղբյուր՝ Հրապարակ
0Comments