Համացանցային խաղադրույք անելու համար մարդը պետք է հավելյալ հմտություններ ունենա, իսկ բեթշոփի դեպքում նրա փոխարեն դա անում էր մասնագետը, և խաղադրույքն ավելի էր հեշտանում։ Այս մասին ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում ասաց պատգամավոր Ալեն Սիմոնյանը՝ հիմնավորելով իր և գործընկերների առաջարկած նախագիծը, որով սահմանափակվում է բեթշոփերի գոյությունը։
Նրա խոսքով՝ այդ բեթշոփերի սահմանափակման արդյունքում, եթե նույնիսկ խաղադրույքները տեղափոխվեն համացանց, ապա մի կողմից հնարավոր չի լինի «նիսյա» խաղալ, մյուս կողմից կնվազի գայթակղությունը, երբ շենքի կողքը կա բեթշոփ, ու մարդիկ անցնելիս մտնում են այնտեղ։
«Խոսքը վերաբերում է ամեն քայլափոխի գոյություն ունեցող բեթ գրասենյակներին։ Տարբեր մարդիկ, նույնիսկ վարչապետն է այդ օրինակը բերել, որ քաղաքացին աշխատավարձը ստանալուց հետո գալիս է, որ բարձրանա տուն, իսկ իր շենքի բակում կա այդ գրասենյակը, և ինքն իր աշխատավարձը թողնում է այդ գրասենյակում ու նոր բարձրանում է տուն», – բացատրեց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ համացանցում հնարավոր չէ «նիսյա» խաղադրույք անել, համակարգն այդ հնարավորությունը չի տա։ Եվ սա նշանակում է, որ եթե բեթշոփերն էլ փակվեն, ապա պայմանական Գևորիկը պայմանական Էդուլիկի հետ չի կարող պայմանավորվել ու «նիսյա» խաղալ կամ անչափահասների ներգրավել։
0Comments