Ալբանիայում զինված հարձակում է տեղի ունեցել ավստրիական ինքնաթիռի վրա

Ավազակախումբը գողացել է մի քանի միլիոն եվրո

Զինված ու դիմակավորված անձինք հարձակում են գործել «Ավստրիական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռի վրա: Դեպքը տեղի է ունեցել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայի օդանավակայանում:

Ավազակախումբը գողացել է մի քանի միլիոն եվրո: Այս մասին հայտնել են ավստրիական աղբյուրները: Հարձակման վայրից փախչելու ճանապարհին հանցագործների և ոստիկանության միջև փոխհրաձգություն է սկսվել: Հարձակվողներից մեկը սպանվել է: Նրա  մոտ հայտնաբերել են ինքնաձիգ, փամփուշտներ և մի քանի նռնակ: Ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմը չեն տուժել:

Ավազակախումբը հայտնվել է թռիչքուղու վրա արտակարգ ծառայությունների մուտքի ճանապարհով: Ավելի ուշ նշվել է, որ խմբում երեք մարդ է եղել: Նրանք զենքով սպառնալու միջոցով մուտք են գործել ինքնաթիռ, ապա նաև բեռների սրահ, որտեղից էլ գողացել են մի քանի միլիոն եվրոն: