ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ ավիատոմսեր պատրաստելու եւ իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել 34-ամյա տղամարդուն:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. սեպտեմբեր ամսին Երեւան քաղաքի բնակիչը՝ ծնված 1984 թվականին, պատրաստել եւ իրացրել է Երեւան-Կիեւ, Կիեւ-Երեւան չվերթի՝ թվով 5 ավիատոմս:
Իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը:
Մասնավորապես՝ 34-ամյա տղամարդը, ով տարիներ շարունակ աշխատել է ավիատոմսերի վաճառքով զբաղվող ՍՊ-ում, որոշել է իր գործունեությունը շարունակել համացանցի միջոցով:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ կեղծ ավիատոմսերը ձեռք բերած անձը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի միջոցով տեղեկացել է 34-ամյա տղամարդու կողմից բացված կայքի մասին: Դեպի Ուկրաինա չվերթի տոմսեր ձեռք բերելու նպատակով կինը զանգահարել է կայքում նշված բջջային հեռախոսահամարին եւ պատվիրել Երեւան-Կիեւ, Կիեւ-Երեւան չվերթի՝ թվով 5 ավիատոմս՝ ընդհանուր 207 000 ՀՀ դրամ արժեքով:
Պարզվել է, որ տղամարդն էլեկտրոնային կեղծ ավիատոմսերը պատրաստել է իր մոտ եղած ավիատոմսի օրինակով եւ համակարգչի օգնությամբ:
Հետագայում տոմսերը պատվիրած քաղաքացին օդանավակայանում պարզել է, որ իր անվամբ ինքնաթիռի էլեկտրոնային ավիատոմսերի ամրագրումներ չեն կատարվել:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
0Comments